հինգշաբթի, 14 հոկտեմբերի 2010
Պահանջարկի և առաջարկի առեղծվածը
«Ժամանակը» հիշատակել է նվազագույն ամսական աշխատավարձը 45000 դրամ սահմանելու` «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների նախաձեռնության մասին, փոխանցել ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանի տեսակետները («Կարելի է նվազագույն աշխատավարձը սահմանել գոնե 41000 դրամ, սակայն... այսօրվա բյուջեի թվերի մեջ դա կարող է չտեղավորվել»), նաև հարցադրումները. «Ինչո՞ւ են բյուջեի եկամուտները այնքան, որքան նախատեսվում է 2011թ. նախագծով». ստվերը «հարկային քաղաքականությամբ արդյո՞ք կրճատվում է» և այլն: «Հայոց աշխարհի» «լրագրողական դիտարկումը» պարզել է, որ «Դոլարը «լողում է» 360 դրամի շրջակայքում», սակայն «չի համարձակվում ներքև իջնել», քանի որ ԿԲ-ը և կառավարությունը «վերջին ամիսներին միջոցներ են ձեռնարկում տարեվերջին գնաճի մակարդակը ապահովելու» համար: Մի այլ հրապարակման մեջ թերթը նշել է «մտահոգիչ փոփոխություններ վառելիքի հարկման դաշտում», որոնք, ըստ հոդվածագրի, կարող են լինել «Ակցիզային հարկի մասին» օրենքում ընդունված փոփոխությունների արդյունքում, և եզրակացրել, որ «սա այն դեպքն է, երբ վճարողը «չի պատվիրում երաժշտությունը»: «Հայկական ժամանակի» գրչով` Հայաստանին սպասվում է «ճգնաժամային ձմեռ», քանի որ առաջիկա «5 ամիսներին հայաստանյան միջին ընտանիքը միայն գազի վրա կծախսի մոտ 270 հազար դրամ», «մենք ավելի քան 10 տոկոսով ավելի ենք գումար ծախսելու հանգստի և կոշիկի վրա», իր հերթին, «ըստ ԿԲ-ի, գների աճը պայմանավորված է բացառապես արտաքին գործոններով», ինչը նշանակում է, որ «մեր ծախսերն ավելացել են, եկամուտները` ոչ»: «Կապիտալը» կարծիք է հայտնել, որ «դեռ չկառուցված` նոր ատոմակայանն ամբողջովին ռուսականացվում է, քանի որ, ըստ թերթի, այսօրվա կառավարության նիստի համապատասխան որոշումը գործնականում նվազագույնի կարող է հասցնել այլ ներդրողների կողմից ատոմակայանի շահագործման հնարավորությունը:
«Առավոտը» լուսաբանել է ՀՀ վարչապետի այցը Լոռու մարզ` «Վարչապետը «մաքրեց հայրենիքը»: Թեմային անդրադարձել է նաև «Ժամանակը»` այդ նախաձեռնությունը համեմատելով «աջ ու ձախ ծառ տնկելու միջոցով սեփական PR-ն անող» գլխավոր դատախազի ծառատունկերի հետ:
«Առավոտը» («Հայաստանում ապրանքատեսակները չեն փորձարկվում, որովհետև փորձարկման լաբորատորիաներ գոյություն չունեն») և «Կապիտալը» («Հայ գործարարներին թվում է, թե պետությունն է ստեղծում ստանդարտները») նշել են Ստանդարտների միջազգային օրը, իսկ «Գոլոս Արմենիի» զրուցակից, Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Սաղյանը իր ղեկավարած կենսատեխնոլոգիայի ինստիտուտի օրինակով բացահայտում է արդի պայմաններում երկրի գիտության զարգացման ուղիները:
«Առավոտը» տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին Բարեկամության կամրջի մոտ տեղի ունեցած ավտովթարից տուժած ֆրանսիացի քաղաքացիները «դիմել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, վարչապետին և նախագահին»: Ավտոմեքենաներից մեկի ղեկին է եղել ոստիկանության Երևանի քրեական հետախուզության պետի 20-ամյա որդին:
«Հայկական ժամանակը» տպագրել է լուսանկարները մի խումբ պաշտոնյաների, որոնց, իբր, «ՌԴ ազգային անվտանգության մարմինը» մեղադրում է զանազան հանցագործություններ կատարելու համար: