ուրբաթ, 22 հոկտեմբերի 2010
Մոտիկից շփվելու հետևանքը
Ռոբերտ Նազարյանը «մոտիկից է շփվել վիճակագրության հետ» («Առավոտ»), ինչից էլ ծնվել է երեկվա նիստի ժամանակ նրա հնչեցրած «հաջողված կատակը» («Հայկական ժամանակ»): Նիստի մեկ այլ մասնակից` ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանը, պատասխանելով «Առավոտի» հարցերին, պարզաբանել է կուսակցական կրծքանշան կրելու մանրամասները, ինչպես նաև փարատել թղթակցի կասկածը` հավաստելով, որ «նախարար չեն ծնվում, նախարար դառնում են»: Այս թերթը, կատակը մի կողմ թողնելով, լուսաբանել է նիստի ընթացքը և անցել եկող տարվա բյուջեի նախագծի քննարկմանը` «ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը վստահ է, որ պետությունը իր վրա չի կարող վերցնել բոլոր ընտանիքների ամուսինների պարտավորությունները»: «Իրատես դե ֆակտոյում» բյուջեի նախագծի առանձնահատկություններն է բացահայտել նախարար Տիգրան Դավթյանը: «Դելովոյ էքսպրեսը» հրապարակել է «Արմնյուզի» «Հայաստանի տնտեսական հիմնական առաջնայնությունները 2011թվականին» հոդվածը, իսկ «Իրավունքը», ծանոթանալով նախագծին, հոռետեսական ենթադրություն է արել. «Երևում է` 2011-ին ֆիննախի տնտեսական մուրազը փորն է մնալու»: «Ժամանակը» զարմացել է սոցիալական համակարգի բյուջետային քննարկմանը պատգամավորների «առավել սակավ» մասնակցությամբ, անդրադարձել նաև բյուջեի նախագծի պաշտպանական ոլորտի հատկացումներին` դրանք համեմատելով հարևան երկրի ցուցանիշների հետ. «Տարբերությունը ահռելի է»: Թերթը փոխանցել է նաև «Գառնի ինվեստ» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրեն Բագրատ Ասատրյանի կարծիքը`«Սա գոյատևման բյուջե է, ընդ որում, ոչ թե երկրի տնտեսության գոյատևման, այլ կառավարության գոյատևման»: Բ.Ասատրյանի արտահայտած մտքերն ավելի հանգամանորեն շարադրել է «Կապիտալը»` «Ինչպիսի՞ն կլիներ բյուջեն, եթե այն կազմեր Բագրատ Ասատրյանը»:
Մտահոգիչ մի լուր էլ հայտնել է «Հայկական ժամանակը», որի «հավաստի տեղեկություններով» Եվրամիության և ԱՀԿ համապատասխան ստորաբաժանումները որոշել են Հայաստանի դեմ վարույթ սկսել ծխախոտի և օղու հարկերի տարբերության խնդրով:
Անդրադառնալով Գյուղատնտեսության նախարարի դիրքորոշմանը, որ գյուղոլորտում տարվա կտրվածքով արձանագրված լուրջ անկումը հնարավոր է մեղմել ձվի և անասնաբուծական արտադրանքի ծավալների մեծացման միջոցով, «Կապիտալը» եզրակացրել է, թե «գյուղնախարարի հույսը ոչխարներն են»:
«Ազգը» պնդել է, որ «պանրի գների աննախընթաց բարձրացումը հայկական ագահության հերթական դրսևորում է», քանի որ տնտեսական բացատրություն «պարզապես չունի»: «Առավոտը», անդրադառնալով թեմային, եզրակացրել է, թե «այսօր հայաստանցի սպառողի ծախսերն անկանխատեսելի են»:
«Իրավունքը» «մեր վիճակագիրներից գլուխ հանելը մի փոքր բարդ գործ է» համարել, բայց նաև օրերս հրապարակված վիճակագրական տվյալներից եզրակացրել, թե տնտեսության մեջ «ամսեամիս արձանագրվում է զարգացումների ավելի վատ մակարդակ»:
«Ուր է ընթանում Հայաստանի տնտեսությունը», հարցրել է «Հայոց աշխարհը» և ինքն էլ պատասխանել, որ «տնտեսությունը սկսել է նահանջ ապրել», թեև «լավ է, որ գոնե մի փոքր դրական դինամիկա կա արտաքին առևտրի հաշվեկշռում»: