չորեքշաբթի, 27 հոկտեմբերի 2010
Քայլերի հաջորդականությունը
«Առավոտը» Հայաստանի ներքին և, «հետևաբար, արտաքին իրավիճակը շտկելու համար» իշխանությանն ուղղված 4 հորդորների շարքում ոչ պակաս «հրատապ» է համարել «հուշարձանների պահպանության վարչության վերականգնումը` դարձնելով այն կառավարությանն առընթեր» և «դրան ղեկավար նշանակելով որևէ հեղինակավոր և «ծանրակշիռ» մարդու», ինչպես էր, ի դեպ, խորհրդային շրջանում: «Ռեսպուբլիկա Արմենիան» տեղեկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմեդ Ռեզա Ռահիմիի հանդիպման մանրամասներին: «Հայկական ժամանակին» հետաքրքրել է Տիգրան Սարգսյանի` Իրանում ունեցած պաշտոնական հանդիպումների ու այցելությունների վերաբերյալ կառավարության պաշտոնական կայքէջի տեղեկատվությունը, թեև թերթը չի զլացել նաև հայտարարել, թե «Իրանից մենք ներկրում ենք ամեն ինչ», մինչդեռ «առաջարկելու ոչինչ չունենք, բացի մեր ոչխարներից»: «Ժամանակը» անդրադառնալով թեմային հարցրել է` «հայ-իրանական հարաբերություննե՞ր, թե՞ բլեֆ», նաև փոխանցել ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքը, թե ՀՀ վարչապետի այցը Իրան «ավելի շատ քաղաքական» է, քանի որ «ինչպես Իրանը, այնպես էլ Հայաստանը մեկուսացել են տարածաշրջանից» և «փորձում են... ցույց տալ, որ իրենք կան, գործում են»:
«Առավոտի» երկու հրապարակումներից մեկը տեղեկացրել է, թե իբր ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության 50 ոստիկաններ շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը, մյուսը թե` «կոռուպցիան կրթահամակարգում առաջին հորիզոնականներում է»: Թեմային անդրադառնալով, հիմնվելով «Այ Փի Էս Փի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի հարցումների վրա, «Ազգը» կարծիք է հայտնել, թե «օրենք խախտելու և կաշառակերության մակարդակով առաջատարը դատաիրավապահ մարմիններն են»:
«Կապիտալը» գրել է, որ Համաշխարհային շուկայում պղնձի գներն այս տարվա հուլիսից կայուն աճում են, ինչը հիմք է տալիս վերանայել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը («Թեղուտի ծրագրի ներդրումային գրավչությունը մեծ է»): Ըստ «Առավոտի» հրապարակման «սյունեցիների 99%-ը դեմ է ուրանի հանքերի շահագործմանը», մինչդեռ «իշխանությունները չեն հրաժարվում» դրանք շահագործելու մտադրությունից, ինչն էլ բնապահպաններին դրդում է «դիմել նախագահին և վարչապետին»: