հինգշաբթի, 28 հոկտեմբերի 2010
Երկակի ստանդարտի սինդրոմը
Արտագաղթի հարցի արծարծումը Ազգային ժողովում և դրա պատասխանը, որն հնչեցրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, արժանացել են մամուլի հատուկ ուշադրությանը: «Ժամանակը» նկարագրել է հարցուպատասխանը, «Առավոտը» ներառել նաև պատասխանի այն հատվածը, որը վերաբերում էր մեկ այլ պատգամավորի գնահատականի. «Ընդդիմության նկատմամբ չի կարելի վերաբերվել որպես ներքին թշնամու: Իսկ կառավարության նկատմամբ կարելի՞ է» («Ո՞ւմ է պետք համարել ներքին թշնամի. վարչապետը հակադարձեց Զարուհի Փոստանջյանին»):
«Ազգը» թեմային անդրադարձել է «Միգրացիոն հոսքերի մասին երկու պատկերացում` Դալլաքյանի և վարչապետի» հրապարակմամբ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության Իրան կատարած պաշտոնական այցին անդրադարձել են «Ազգը» («Թեհրանը մտահոգված է ԼՂ հակամարտության կարգավորման աշխատանքների ընթացքից»), «Կապիտալը» («Սյունիքում` արդյունաբերական գոտի, որը կնպաստի երկաթգծի կառուցմանը»), «Նովոյե վրեմյան» («Հայաստան-Իրան. ապրանքները շուտով կանցնեն միասնական մաքսային դարպասներով»), «Գոլոս Արմենիին» («Կամուրջ Իրանի և ԱՊՀ-ի միջև»): «Ազգի» մի այլ հրապարակում տեղեկացրել է նաև Թեհրանում կազմակերպված միջազգային ցուցահանդեսում Հայկական տաղավարի դեմ ադրբեջանական պատվիրակության խուլիգանական արարքների մասին և նշել, որ հայկական պատվիրակությունը վերջնաժամկետ է ներկայացրել իրանական կողմին` մասնավորապես Արցախի խորհրդանիշը համարվող «Պապն ու տատը» հուշարձանը պատկերող լուսանկարը տաղավարի պատին վերատեղադրելու համար:
Ըստ «Հայկական ժամանակի» «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարել է ռեբրենդինգ սկսելու մասին, որի շրջանակում «մշակելու է ընկերության նոր բրենդի անունը». թերթը նշել է նաև, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ, մասնակցելով ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների 52-րդ նիստին, հանդես է եկել ելույթով: Ի դեպ, նիստի մանրամասները ծավալուն հրապարակումներով ներկայացրել են «Հայոց աշխարհը» («Հայաստանյան ապրանքների համար կգործի «կանաչ միջանցք»), և «Կապիտալը» («Հայաստանի և Ուկրաինայի վեճը հարթվել է»):
«Ժամանակը» նկատել է, թե «նվազելու փոխարեն» ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծում «նախագահի, ԱԺ ու կառավարության պահպանման ծախսերը աճել են»: Մի այլ հրապարակման մեջ թերթը պանրի վերջին կտրուկ թանկացումը որակել է «պանրի տենդ», կարծիք հայտնել, որ «պանիր արտադրողները միմյանց հետ մրցակցում են, իսկ սպառողները` տուժում», նաև ահազանգել, թե սպառողները պետք է պատրաստվեն նոր թանկացման, քանի որ հնարավոր է, որ «հերթական անգամ բարձրացվի պանրի ինքնարժեքը»: «Ազգը» տեղեկացրել է, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը «Ո՞ւր ես, պետություն» վերնագրով հայտարարություն է տարածել, որում ի մասնավորի նշել է, որ երկրում «ամիսներ ի վեր մոլեգնում է գների համատարած աճը, որի դեմն առնելուն ուղղված «հակաճգնաժամային ծրագրերը» ծիսական բնույթ ունեն»: «Հայկական ժամանակը» անդրադարձել է բյուջեի կատարողականը արտացոլող ֆինանսների նախարարության հրապարակումներին, նշել, թե «վերջին ամիսների տեղեկանքներում մտահոգիչ միտումները շատ են» և հեգնել` «Էս ո՞ւր կորավ տաշի-տուշին»:
«Առավոտը» գրել է, որ, ըստ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի` ԱԺ-ում կատարած հայտարարության, Գյումրիի տեխնոպարկի շինաշխատանքները կսկսվեն 2011 թվականին, իսկ մինչ այդ մշակվող մոդելը կդրվի հանրային քննարկման:
«Գոլոս Արմենիին» նույնպես պանրի թանկացման «մեղքը» բարդում է ՀՀ վարչապետի վրա. «Վարչապետի հայտարարությունը արտադրողներին գնային «սխրանքների» է ոգեշնչել ներքին շուկայում»: Իբրև ապացույց թերթը բերում է նաև այն օրինակը, երբ գյուղնախարարի գարնանային պնդումը, թե Հայաստանը «անսահմանափակ քանակությամբ» կարտոֆիլ է արտահանելու, հանգեցրեց այդ սննդամթերքի աննախադեպ թանկացմանը: Իսկ ընդհանրապես «ԳԱ»-ի մեկ այլ հրապարակման համաձայն «Մանր բնամթերային տնտեսություններն են արգելակում ագրարային ամբողջ հատվածը»:
Նույն «Գոլոս Արմենիի» մյուս հոդվածը, որը հեղինակել է Վարդան Վարդանյանը, կասկածի տակ է առնում պետություն կառուցելու միջազգային փորձը. «Մենք ապրում ենք մի երկրում, գուցեև մի աշխարհում, որտեղ կա փոքրիշատե զարգացում, սակայն չկա առաջընթաց» («Հայկական ստանդարտը»):
Մեկ այլ հիմնարար հոդված է տպագրել «Առավոտը»` «Մրցունակ կրթությունը և հայկական իրականությունը»: Հեղինակը Մեսրոպ քահանա Արամյանն է: