ուրբաթ, 29 հոկտեմբերի 2010
Հայտնի և «անհայտ» որոշումներ
«Կառավարությունը չգիտես ինչու գաղտնի է պահում դեռևս այս տարվա սեպտեմբերի 24-ին կայացրած «Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» որոշումը», գրում է «Հայկական ժամանակը»` ակնարկելով, որ դրա պատճառը ցանկում ընդգրկված «բարձրաստիճան պաշտոնյաների» երեխաներն են: «Ժամանակը» վիճարկում է ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, թե կառավարությունը մշակում է միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգը: «Բանից պարզվում է», որ «փաստաթուղթն ընդունվել է ի գիտություն և ուղարկվել փորձաքննության», այսինքն` դեռևս մշակման փուլում է, հաստատված չէ, մի իրողություն, որը թերթը չի կարողանում ընկալել: «Առավոտը» փոխանցում է ադրբեջանական լրատվամիջոցների այն լուրը, թե այդ երկրի ընկերություններից մեկը ճանաչվել է մրցույթի հաղթող և «4 ամսում մինչև 6մլն դոլարի ներդրում պետք է անի» «Հյուսիս-հարավ» գազատարի վրացական հատվածում, որով գազը Ռուսաստանից հասնում է Հայաստան:
Կառավարության երեկվա նիստի որոշումներին են անդրադարձել «ՀԺ»-ն («Արտագաղթենք միասին»), «Կապիտալը», «Ազգը»: ՊԵԿ հրապարակած 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը քննության են առել «Կապիտալը» («Խոշորների գործերը վատացե՞լ են»), «Առավոտը» («Արմավիան» հայտնվեց խոշոր հարկատուների ցուցակում), տնտեսական մեկնաբանություններով հանդես են եկել «Հայոց աշխարհը» («Եկամուտները գերակատարվում են, ծախսերը` թերակատարվում»), «Կապիտալը» («ԿԲ-ի լավատեսությունը պակասել է»), «Ռեսպուբլիկա Արմենիան» («Կառավարության նախաձեռնությունը հակասում է սահմանադրությանը»), «Դելովոյ էքսպրեսը» («Հայաստանի տնտեսությունը կարելի է բարձրացնել Ռուսաստանից անկախ»), «Առավոտը» («Տերն է խաչին զորացնողը», «Պետական ցինիզմ` արվեստագետների հանդեպ. նրանց աշխատավարձը գրոշաչափ կբարձրանա»), եկող տարվա բյուջեի նախագիծը վերլուծել է «Իրավունքը» («Դրախտից հինգ պակաս, բայց թղթի վրա»):
«Իրավունքը» արձանագրել է պանրի գնի բարձրացման փաստը, ներկայացրել թանկացման վերաբերյալ շրջանառվող երկու հիմնական վարկածները և հարցրել` «Ինչու է ՏՄՊՊ հանձնաժողովը հիմա էլ պանիր արտադրողների փաստաբանը դարձել»: «Ժամանակը» գրել է, թե Հայաստանը բացարձակապես չի կարողանում սպասարկել հայկական պետականության ռազմավարական շահը: Հոդվածագիրը նշել է Իրան-Հայաստան հարաբերությունների մակարդակի իբր «դեգրադացիայի մասին» և որպես «ամենախոսուն փաստ» վկայակոչել այն, որ ՀՀ վարչապետն այցելել է Իրան և այնտեղ ձեռք բերել Հայաստանում սպանդանոց կառուցելու համաձայնությունը: Մի այլ հրապարակման մեջ թերթը, անդրադառնալով Սյունիքի մարզում իրականացվող ուրանի հանքաքարերի հետախուզական աշխատանքների ընթացքին, փոխանցել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, թե գործընթացն ընթանում է «ինչպես ՀՀ, այնպես էլ միջազգային օրենսդրության բազմաթիվ խախտումներով»: