հինգշաբթի, 11 նոյեմբերի 2010
Կարծիքները տարբերակվում են...
Նոյեմբերի 4-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետի արտահայտած դժգոհությունը մի քանի նախարարությունների գործունեության վերաբերյալ և համապատասխան հանձնարարականները մամուլում «նոր երանգավորումներ» են ստացել: «Ժամանակը» ներկայացրել է ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ զրույցը` «Աշխատանքից ազատելը բավարար չէ»: Մի այլ հրապարակման մեջ թերթը, անդրադառնալով առողջապահության 2 փոխնախարարների հրաժարականներին, նշել է, թե չի բացառվում, որ նոր փոխնախարարները լինեն վարչապետի «մերձավոր կուսակցական շրջապատից», որոնց նա «վերջերս կուսակցական տոմսեր հանձնեց»: «168 ժամը» թեմային անդրադարձել է «ԲՀԿ-ին թուլացնո՞ւմ են» հարցումով և «Որ մին զարկի, ջարդի...» ու «Մեկ դերասանի թատրոն» հրապարակումներով, հընթացս ներկայացնելով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի երեկ արտահայտած մի տեսակետը. «Չեմ կարող ամրագրել, որ մեզ մոտ կառավարման բարձր մակարդակ կա»: «Առավոտի» փոխանցմամբ Առողջապահության նախկին փոխնախարար և նախկին պատգամավոր Ավետ Գրիգորյանը համակարգում առաջարկում է իրականացնել «Հեղափոխություն»:
«Հայկական ժամանակը» անդրադարձել է կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերից մեկին` ՀՀ հանրային հեռուստաընկերության առժամանակ առաջ ներկրած սարքավորումների` մաքսազերծումից ազատման խնդրին և եզրակացրել` «Մաքսանենգություն Հ1-ի համար»: «168 ժամը» ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի հայտարարությունը Հայաստանում արձանագրված գնաճի բարձր ցուցանիշի և դրա զսպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ համարել է «գեղեցիկ խոսքեր»: Մի այլ հրապարակման մեջ թերթը անդրադարձել է կաթնամթերքի թանկացման թեմային` ըստ վիճակագրության:
«Կապիտալը» և «Առավոտը» ներկայացրել են տնտեսական քաղաքականության և մաքսային-հարկային վարչարարության թեմաներով ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի և ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանի երեկվա բանավեճը. վերջինս մասնավորապես ընդգծել է ՄԱԿ-ի նախագահի ահազանգը, թե «Հայաստանի յուրաքանչյուր ընտանիք 800 դոլար պարտք ունի»: