ուրբաթ, 12 նոյեմբերի 2010
Նաիրիտցիների հույսը կառավարությունն է...
Կառավարության շենքի առջև «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցին արձագանքել են մի շարք լրատվամիջոցներ: «Կապիտալը», հաղորդելով իրենց չվճարած աշխատավարձերը պահանջող ցուցարարների հետ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի զրույցի մանրամասները, շեշտում է, որ «Նաիրիտի» աշխատակիցներն այլևս հույս չեն կապում գործարանի ղեկավարության հետ և իրենց աշխատավարձերը պահանջում են կառավարությունից: «Առավոտի» կարծիքով բողոքի պատճառը «մի քանի հիմար տնօրեններն են... և վարչական ուռճացած ապարատը», ինչի հետևանքով «Գիգանտ Նաիրիտը» կործանվում է:
Բողոքի մեկ ուրիշ ալիք է սկսվել Կապանում` ընդդեմ ուրանի որոնման աշխատանքների, որը ցուցարարների կարծիքով կարող է Լեռնաձոր համայնքի և հարակից բնակավայրերի կործանման պատճառ դառնալ: Կապանում կայացած խաղաղ ցույցին մասնակցել են բնապահպաններ և պատգամավորներ Երևանից և Գյումրիից, «Առավոտի» փոխանցմամբ հանրահավաքում ելույթ է ունեցել Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, հայտարարելով, թե մարզային իշխանությունները ժողովդրի կողքին են: Փոխմարզպետի ելույթը «Առավոտին» հնարավորություն է տվել հրապարակումը վերնագրել հենց այսպես` «Լիցկան` ժողովրդի կողքի՞ն», «Հայկական ժամանակն» էլ ընդգծել է, որ «իշխանությունները միջադեպ չեն հրահրել, չեն խոչընդոտել»:
Օրվա մամուլի ուշադրության կենտրոնում է աղանդավորական կազմակերպությունների քայքայիչ գործունեության թեման: Առիթը նոյեմբերի 8-ին Սևան քաղաքում կատարված սահմռկեցուցիչ հանցագործությունն է. 23-ամյա եհովայի վկան դաժանորեն սպանել է հորն ու մորը: «Արմատ» ակումբում հրավիրված ասուլիսի մասնակիցները պահանջում են, որ իրավապահները բացահայտեն այս և աղանդավորական շարժառիթներով կատարված մյուս սպանություններն ու հանցագործությունները: «Իրավունքը» ահազանգում է, որ այսպիսով Հայաստանը թևակոխում է աղանդավորական ահաբեկչության փուլ», «Հայոց աշխարհը» հարցնում է, թե «Ծնողասպանությունից հետո՞ էլ կհանդուրժվի բարձիթողի վիճակը», «Առավոտը» փորձում է պարզել, թե ինչ «զենք» են օգտագործում աղանդավորները:
«Ցանկացած ապրանք շուկա հանելիս ես ուրախանում եմ»,- ասում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթին տված ընդարձակ հարցազրույցում, սակայն նույն թերթում գյուղացիները դժգոհում են թե գյուղնախարարության աշխատանքից, թե «կրակի գին դարձած մթերքներից»: «Վարչապետի հանձնարարականներից հետո» խորագրի ներքո», այս անգամ արդեն «Իրավունք» թերթում գյուղնախարարը կրկին ընդարձակ հարցազրույցով պարզաբանումներ է տալիս վատ եղանակների, պանրի թանկացման, կաթի և կաթի փոշու մասին:
«Հայաստանի Զրուցակից» թերթի խմբագրականը անդրադարձել է վարչապետ Տիգրան Սարգսյանի` մի քանի նախարարությունների հասցեին հնչեցրած քննադատությանը («Ցուցադրական քոթակ»), իսկ ահա նույն թերթի «Շաբաթվա հարցը» խորագրի ներքո լրագրողը, արվեստագետը, պատգամավորները, ողջունելով վարչապետի կողմից տեղին քննադատությունը, կարծիք են հայտնում, որ «Կադրային «մաքրումները» կհանգեցնեն որակական փոփոխությունների, եթե իշխանությունները հետևողական լինեն (Գևորգ Ալթունյան), եթե կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային բնույթ կրի (Վիկտոր Դալլաքյան), եթե երկրում իշխի քաղաքական կամքը (Լարիսա Ալավերդյան), շարունակական ծրագրով պայքարեն (Արա Դեղտրիկյան) և փոխեն աշխատաոճը (Անահիտ Բախշյան):