չորեքշաբթի, 17 նոյեմբերի 2010
ՎՊ բացահայտումների առիթով...
Գրեթե բոլոր լրատվամիջոցները արձագանքել են Ազգային ժողովում ՀՀ վերահսկիչ պալատի երեկվա հաշվետվության մանրամասներին, պատգամավորների տարաբնույթ ելույթներին և գնահատականներին. «Վիկտոր Դալլաքյան. սպիտակ ձեռնոցներով մարդիկ պետական բյուջեից իրականացրել են բացահայտ գողություն» («Կապիտալ»), «Վերահսկիչ պալատի նոր բացահայտումները» («Հայոց աշխարհ»). «Բա էլ բյուջե ո՞նց կլցվի» («Ազգ»), «Սկանդալ Աժ-ում» և «Ծառուկյանի նախարարներին գող ասաց» («Հայկական ժամանակ»), «Իշխանի գինը` $4000» («Ժամանակ»): «Առավոտը» ի հավելումն տեղեկության, թե ՀՀԿ խմբակցության պատգամավորը ՀՀ վերահսկիչ պալատին մեղադրել է ստուգվողի քաղաքական կողմնորոշմամբ կամ «ստվերային համաձայնության գալու-չգալու համաձայն ուսումնասիրություններ անցկացնելու մեջ», ներկայացրել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ տեղեկատվությունը, ըստ որի ՎՊ-ը «դուրս է եկել իր իրավասությունների շրջանակից», նաև փորձել համեմատության մեջ դիտարկել Հայաստանում և Վրաստանում կոռուպցիոն դրսևորումները («Ինչպես փոխվեց Վրաստանը»): Նույն «Առավոտում» «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու նախաձեռնության առիթով ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հակադարձել է, թե «հայրենի կառավարությունը... մերժել է «Ժառանգության» կողմից ներկայացվող օրենքի նախագիծը, որով նվազագույն աշխատավարձը սահմանվում է 45000 դրամ», նաև հարցրել. «Հարգելի իշխանություն, Հայաստանում այսօր այդ որտե՞ղ եք տեսնում մակրոկայունություն»:
«Կապիտալի» հետ զրույցում «Գլոբալ կապիտալ» ՈՒՎԿ խորհրդի նախագահ Էդուարդ Մարությանը կարծիք է հայտնել, որ «գալիք տարի Հայաստանի ֆինանսական համակարգում տոկոսադրույքները կիջնեն ևս 2 տոկոսային կետով»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է երեկ Երևանում կայացած Հայաստանի դեղագործության մրցունակության միջազգային համաժողովի աշխատանքներին, մասնավորապես նշելով Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի կարծիքը, որ «ոլորտի զարգացման համար հարկավոր է ձեռնպահ մնալ պրոտեկցիոնիզմից»: