երեքշաբթի, 23 նոյեմբերի 2010
ՊԵԿ-ի բացահայտումները և տնտեսական վիճակի կանխատեսումները
«Հայաստանի Հանրապետությունը» տեղեկացրել է, որ ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումները օրերս բացահայտել են «անապրանք գործարքների հետևանքով պետությանը շուրջ 1մլրդ 300մլն դրամի վնաս» հասցրած և «հարկեր վճարելուց չարամտորեն խուսափող» մի շարք անձանց. կան կալանավորվածներ։
«Հայոց աշխարհը» ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի հետ զրույցում անդրադարձել է գալիք տարվա բյուջետային միջոցների ծախսման արդյունավետության հիմնահարցերին։ «Ժամանակը», վերլուծելով օրերս հրապարակված ԱՎԾ «Պարենային ապահովություն և աղքատություն.2010թ. հունվար-սեպտեմբեր» զեկույցի մանրամասները, եզրակացրել է, թե «գնալով աղքատանում ենք»։ «168 ժամը» գրել է, որ հայերս «տրանսֆերտից-բանից հաց քամող ժողովուրդ ենք։ Մի այլ հրապարակման մեջ թերթը հավելել է, թե «սոցիալական վիճակն այս տարի ավելի է վատացել», նաև փոխանցել ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատականները. Հայաստանում 5-6 օլիգարխներ «ստեղծել են ինքնաբավ տնտեսական, ֆինանսական համակարգեր, ներքին բանկեր, որոնք... ենթակա չեն որևէ կանոնակարգի», «բանկային համակարգի դերը տնտեսության մեջ խիստ նվազ է» և այլն։
«Իրավունքը» կարծիք է հայտնել, թե այս տարի հայաստանյան տնտեսական ցուցանիշները «բացասական առումով կարող են գերազանցել նույնիսկ ամենամռայլ կանխատեսումները» ու եզրակացրել, թե «կյանքն ավելի վատ է, քան անցած տարի»։ Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությանը և հարցրել. «Բյուջեի ծակերը փակելու միակ աղբյուրը հղի կանա՞յք են»։ «Ազգը» և «Հայոց աշխարհը» գրել են, որ թեև ըստ այս տարվա 10 ամիսների ցուցանիշների «տնտեսությունը վերականգնվում է ճգնաժամից», սակայն «կարծես թե լճացման վտանգի առջև է կանգնել» և «տնտեսական աճը շարունակում է նվազել»։
«Կապիտալի» փոխանցմամբ «Եվրոբանկը զգուշացնում է Հայաստանի իշխանություններին», թե «պետպարտքի մեծացումը մարտահրավեր է»:
Երեկ կառավարության շենքի դիմաց հավաքված մի խումբ հրազդանցիների բողոքին (ընդդեմ Արտավազդ գյուղական համայնքի որոշ տարածքների բացառիկ գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման), արձագանքել են «Ժամանակը», «Հայոց աշխարհը» և «Առավոտը», որն իր հրապարակումը վերնագրել է «Շեյխն ու օլիգարխն ընդդեմ գյուղացիների՞»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը գրել է, թե, ըստ ՀՀԿ պաշտոնական կայքի, տակավին «Արարատի մարզպետը Վարդգես Հովակիմյանն է» ու հարցրել՝ «ՀՀԿ-ն Արարատի նկատմամբ անտարբե՞ր է»։
«Կապիտալը» նշել է, որ «փոքր ՀԷԿ-երի էլեկտրաէներգիան կթանկանա» և «ՀԾԿՀ-ը 2011թ. համար կհաստատի նոր սակագներ»։