չորեքշաբթի, 24 նոյեմբերի 2010
Բիզնեսի թույլ դիվերսիֆիկացումը ռիսկային է...
«Կապիտալն» անդրադարձել է ֆինանսների նախարարության 2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման օպերատիվ հաշվետվությանը և տեղեկացրել, որ նշված ժամանակահատվածում պետբյուջեն կատարվել է վաղօրոք նախատեսվածից քիչ պակասուրդով (41,1մլրդ դրամ), և այն, ըստ էության, «ծածկվել է ներքին աղբյուրների հաշվին»։ Թերթը նաև փոխանցել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ «ՎՏԲ-Հայաստան» բանկի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի դիտարկումներն ու խորհուրդները («ռիսկային է բիզնեսի թույլ դիվերսիֆիկացումը» և «տնտեսության մեծ կախվածությունը սպառողական ապրանքների ներկրումից», «անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին» և այլն), նշել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի պրոտոնային արագացուցչի ձեռքբերման նպատակով կառավարության և բելգիական «Այ Բի Էյ մոլեկուլյար» ըներության միջև ստորագրված պայմանագրի («Բելգիական փողով՝ բելգիական արագացուցիչ») և կառավարության նիստերի դահլիճում կազմակերպված «Արմպրոդէքսպո-2010» 10-րդ միջազգային պարենային ցուցահանդեսի մասին («Հայկական արտադրանքը դուրս է նայում»)։
Ըստ «Հայկական ժամանակի» մի քանի տասնյակ տնտեսվարողների մոտ նշանակված «հարկային ներկայացուցիչների ինստիտուտը բոլորովին անիմաստ է», քանի որ, ըստ այս թերթի հարկային հավաքագրումները այդ ընկերություններից չեն ավելացել, և, ուրեմն, «հերթական բարեփոխումը» տապալված է հիմնովին»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը նախ հիշատակել է առժամանակ առաջ «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետի խոսքը, ըստ որի 2010թ. մեր երկրում տնտեսական աճը կազմելու է ավելի քան 6 տոկոս, և դրան հակադրել այս տարվա 10 ամիսների տնտեսական ցուցանիշները՝ ըստ ԱՎԾ հրապարակումների։
«Ժամանակում» տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծք է հայտնել, թե «ՀՀ գյուղատնտեսությունը գտնվում է նախնադարի վիճակում»։ «Առավոտը» հավելել է «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղարի (Կարինե Հակոբյան) տեսակետը, թե «մինչև չբարեփոխվի սոցիալական ոլորտին առնչվող օրենսդրությունը, պետական բյուջեի գումարները հենց այնպես վատնվելու են» («Оրենսդրության պատճառով բյուջեն հակասոցիալական է»)։
«Ազգը» գրել է, որ «սյունեցիները և մի քանի հասարակական կազմակերպություններ պատրաստվում են կոլեկտիվ հայցով դիմել դատարան, եթե Լեռնաձոր համայնքում ուրանի շահագործման մասին կառավարության որոշումը չեղյալ չհամարվի»։
«Հայկական ժամանակը» «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության կողմից սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակումը, ըստ որի Հայաստանի բնակչության մեծամասնությունը պատրաստ է քվեարկել գործող նախագահի օգտին, համապատասխանաբար գնահատել են որպես պատվիրված հարցում: