հինգշաբթի, 2 դեկտեմբերի 2010
Մամուլի յուրատիպ սահմանումները
«Կապիտալի» տեղեկացմամբ ՀԲ տնօրենների խորհրդի կողմից հաստատված «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» վարկային ծրագրով Հայաստանին հատկացվելու է 24 մլն դոլար, որի նպատակը տեղեկատվական ու հաղորդակցության ոլորտում... նորարարությունների խթանումն է»: Հատկացվող վարկին և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին անդրադառնալով, «168 ժամը» նախ տարակուսանք ու զարմանք է արտահայտել, որ 2013թ. այս ոլորտին տրամադրվելիք ֆինանսական «բաժինը ՀՆԱ-ում պետք է կազմի 1%», ապա նաև ուշագրավ համարել էկոնոմիկայի նախարարության կայքէջում տեղադրված` «Հայաստանը ձգտում է դառնալ առաջատար երկիր ընտրված թիրախային ՏՏ շուկաներում» տեղեկատվությունը: Երկու այլ հրապարակումներում թերթը նշել է, թե իբր Առողջապահության նորանշանակ փոխնախարար Տիգրան Սահակյանը «համաձայն չէ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն դիտարկմանը», թե «բնագավառում խոշոր մասշտաբների կոռուպցիա գոյություն ունի», նաև հավելել, թե Գյուղնախարարության Բուսասանիտարիայի պետական տեսչության պետ Վռամ Գուրզադյանին աշխատանքից ազատել են «պատգամավոր Դավիթ Հարությունյանի դստեր պատճառով» (իբր «Զվարթնոց» օդանավակայանում այդ տեսչության աշխատակիցները «մի փոքր ուշացրել են պատգամավորի դստեր բեռի զննումը»): «Ժամանակը» «Զարգացման հայկական գործակալության կազմակերպած «Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում» թեմայով համաժողովում «Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հերթական դասախոսության» առիթով գրել է, թե «թեև օտարերկրյա ներդրումները Հայաստանում նվազում են», այդուհանդերձ, համապատասխան «համաժողովների ու սեմինարների թիվը գնալով աճում է», նաև կարծիք հայտնել, թե «գործունեության ծավալով օտարերկրյա մոտ 10 խոշոր ընկերությունների ներդրումների ավելացումը կամ պակասեցումը Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչության հետ... «ոչ մի կապ չունի»: Թերթը մի այլ հրապարակման մեջ գրել է, թե իբր ամեն անգամ կառավարության նիստին ներկայացվում են «հողերի կատեգորիաները փոխելու մեկ «դաստա» նախագծեր» և «իր հանգույն» հանգել սարսափազդու եզրակացության, թե` «շուտով մենք գյուղատնտեսություն չենք ունենա, գյուղացին կդառնա «բոմժ», իսկ գործարարներն էլ մրգի ու բանջարեղենի փոխարեն հաստոցներ ու հանքաքար կուտեն»: «Հայկական ժամանակը» փորձել է մեր երկրի տնտեսությունը համեմատել «մարդու օրգանիզմի հետ». մասնավորապես Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները որակելով «թմրանյութ», շինարարության ոլորտին տրամադրվող ներդրումները` տպավորություն ստեղծելու փորձ, թե «հիվանդը առույգանում է», թերթը եզրակացրել է, թե «վիճակը վատանում է օր-օրի»: «Հայոց աշխարհը» անդրադարձել է տարբեր ապրանքների թանկացմանը և նշել, որ «դրամի թանկացումն էլ չի կանխում գների բարձրացումը»: «Կապիտալը» տեղեկացրել է, որ Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը պաշտոնական նամակ է ուղարկել կառավարությանը և համապատասխան գերատեսչություններին` առաջարկելով GMP ստանդարտների ներդրման գործընթացը երկարացնել ևս մեկ տարով, քանի որ «հայկական դեղերը պատրաստ չեն նոր ստանդարտին»: