շաբաթ, 4 դեկտեմբերի 2010
Լույս և ստվեր
Լրատվամիջոցները պանրի շուկայում ՏՄՊՊ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներին անդրադարձել են առանձնահատուկ հետևողականությամբ. «Պանրի գների բարձրացումն անհիմն է եղել», սակայն «հանձնաժողովը դա հակամրցակցային չի համարում»,- գրում է «Ազգը»: «Առավոտը» ընդգծում է, որ արտադրող ընկերությունները «պանրի մեջ սոդա են օգտագործում», «Հայոց աշխարհը» բացահայտումը որակում է «սենսացիոն» և պահանջում հրապարակել այդ ընկերությունների անունները:
«Հայկական ժամանակը» կարծիք է հայտնում, թե «պանրի գործը պրծավ» և «բան չեն պարզել», «168 ժամը», թե` ՏՄՊՊՀ-ն գոնե «ինքն իր համար» պարզել է, որ «պանրի գների թանկացման խնդրի հասցեատերը նաև ինքն է»:
«Հայաստանի Հանրապետությունը», անդրադառնալով թեմային նշել է, որ փորձաքննության արդյունքները ՏՄՊՊ հանձնաժողովը հետագա ուսումնասիրության նպատակով տրամադրելու է Գյուղատնտեսության նախարարությանը` նկատի առնելով կաթնամթերքի որոշ տեսակների մեջ կաթնային ծագում չունեցող նյութերի առկայությունը, որոնց օգտագործումը կաթնամթերքի արտադրության մեջ արգելված է կառավարության որոշումներով ու հաստատված ստանդարտներով: «Կապիտալը» հավելել է, որ «ուսումնասիրության արդյունքները կուղարկվեն նաև Պետական եկամուտների կոմիտե: Մի քանի այլ հրապարակումներում թերթը տեղեկացրել է, որ գալիք տարվա սկզբից, կեղծ հաշիվների դուրսգրումը կանխելու նպատակով, ԱԱՀ վճարողների համար գործելու է էլեկտրոնային եղանակով կամ հարկային մարմնից ձեռք բերված հատուկ ձևերի լրացմամբ հարկային հաշիվների դուրսգրման նոր կարգ, ներկայացրել ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի դիտարկումները տարածաշրջանի երկրների և Հայաստանի տնտեսության վերաբերյալ («տնտեսության խնդիրները մնացել են նույնը, ինչ ճգնաժամից առաջ», «նվազեցնել դոլարիզացիայի մակարդակը» և այլն), փոխանցել նաև ForexClub-ի փորձագետների գնահատականը, ըստ որի «Հայաստանի տնտեսության վարկավորումը աստիճանաբար վերականգնվում է, և մասնավորապես այս տարվա սկզբից «վարկային պորտֆելն աճել է 17.77%-ով»:
«Ժամանակի» թղթակցի հետ զրույցում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրել է 2011թ. պետբյուջեի նախագծում կատարված հիմնական փոփոխությունները: Թերթի մի այլ հրապարակման մեջ առողջապահության նախկին նախարար, ՀԱԿ-ի անդամ Արարատ Մկրտչյանը, անդրադառնալով առողջապահական մի քանի հիմնախնդիրների, մասնավորապես նշել է, թե իբր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի անվճար բուժօգնության ծրագիրը «խոսում է մոտալուտ արտահերթ ընտրությունների մասին»:
«Առավոտում» ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը նշել է, թե ՎՊ 2009թ. հաշվետվության մեջ ինքը զգացել է «ՀՀԿ դեմ մի ուղղվածություն» և փորձել հիմնավորել. «Այն նախարարությունները, որոնք ղեկավարում է ԲՀԿ-ն` նրանց կողմից վերադարձվող գումարները ՎՊ հաշվետվության մեջ նկատելիորեն քիչ էին ստուգման ենթարկված»: