երեքշաբթի, 7 դեկտեմբերի 2010
Մեջքը շտկելու ժամանակը
1988-ի երկրաշարժի հետևանքների վերացմանը նվիրված հոդվածը «Հայոց աշխարհը» վերնագրել է «Վերականգնում, որ շտկեց երկրի մեջքը. Ռոբերտ Քոչարյանի համար աղետի գոտու վերականգնումը պատվի հարց էր»: Թեմային անդրադարձել են նաև «Հայկական ժամանակը» («Դեռ աղետի գոտի է»), «Ազգը» («Երկրաշարժից անօթևան տասնյակ ընտանիքներ զրկված են բնակարան ստանալու իրավունքից. «Շիրակ-կենտրոն» ՀԿ-ն դիմում-ուղերձ է հղել ՀՀ նախագահին և վարչապետին), «Գոլոս Արմենիին» («1988թ. դեկտեմբերի 7-ը և... հետո»): Այս թերթը առանձին հոդված է նվիրել Գյումրու տեխնոպարկի ստեղծման ընթացքում ծագած հիմնահարցերին, որոնք չէին լինի, եթե «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գոնե մեկ անգամ գյումրեցիների հետ քննարկեր տեխնոպարկի գործունեության հիմնական ուղղությունների սեփական ընկալումը»:
«Ժամանակը» չորս կետով քննադատել է 2011թ. պետբյուջեի վերջնական տաբերակը` «ցույց տալով, որ, մեղմ ասած, աբսուրդ է 2011թ. բյուջեն սոցիալական համարելը («Իշխանության սոցիալականն էլ է ուրիշ»):
«168 ժամը» ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակի մասին ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի տեսակետները. ըստ տնտեսագետի պատճառը, որ «արդյունաբերությունը վերջին 10 տարում 5%-ից ավելի չի աճել», մոնոպոլիզացիայի «չափազանց վտանգավոր» մակարդակն է, իր հերթին «այն քաղաքականությունը, որ ԿԲ-ն մինչև ճգնաժամն իրականացնում էր դրամի առումով,... ծայրահեղ վնասակար էր տնտեսության համար»:
«Հայոց աշխարհը» վերստին անդրադարձել է պանրի թանկացման թեմային և կարծիք հայտնել, որ «հերթական անգամ» ՏՄՊՊ հանձնաժողովը դրսևորել է «իր անճարակությունը» և «իր գործով զբաղվելու փոխարեն... ստանձնել ՊԵԿ-ի պարտականությունները»: «ՏՄՊՊ հանձնաժողովը հակամրցակցային համաձայնությա՞ն է եկել պանրագործների հետ» հարցրել է «Իրավունքը», որի կարծիքով նույն կազմակերպությունը «ինչ-որ կիսատ-պռատ պատճառներ էր մոգոնել», ինչը բացատրում էր պանրի «թանկացման մի չնչին մասը միայն»: «Հայկական ժամանակը» ՏՄՊՊՀ-ի գործունեությունը կարգավորելու նպատակով նախապատրաստվող օրենսդրական փոփոխությունների առիթով նշել է, թե իբր հանձնաժողովի նախագահը «ուզում է ազատվել քաղծառայողներից և ողջ աշխատակազմը համալրել իր և հանձնաժողովի ղեկավարության հայեցողությամբ»: «Կապիտալը» կարծիք է հայտնել, թե «ՏՄՊՊՀ-ին ու գյուղնախարարությանը չի հետաքրքրում սպառողների առողջությունը», «երկու գերատեսչությունները չեն աշխատում հօգուտ երկրի քաղաքացիների»:
«Առավոտի» փոխանցմամբ հակաուրանիստները շարունակում են պայքարը Սյունիքում ուրանի հնարավոր շահագործման «ծրագրին առնչվող գործընթացը կասեցնելու» նպատակով, մասնավորապես «Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի տնօրենը և «Ազատամարտ» կոմիտեի նախագահը այդ խնդրով դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու ներկայացրել «մինչև օրս անցկացրած ստորագրահավաքի արդյունքները»:
«Առավոտը» համառոտ ներկայացրել է CIMA կենտրոնի «Կանխիկ փող` հրապարակման համար» զեկույցի հիմնական դրույթները և հանգել այն եզրակացության, որ «առայժմ մեր երկրում լրագրողներին չեն փորձում կաշառել այնպես, ինչպես Լիբանանում, այսինքն` ավտոմեքենայով: Թերևս Հայաստանի համար առավել հատկանշական են այն գները, որոնք այս կապակցությամբ կան Աֆրիկայում», այն է` «ասուլիսներին մասնակցող լրագրողներին` 20 ԱՄՆ դոլարին համարժեք գումար», գրել է թերթը: