չորեքշաբթի, 8 դեկտեմբերի 2010
Ծեծի ֆիզիոլոգիան կամ կապրենք մինչև երկուշաբթի...
Տպագիր մամուլը («Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Առավոտ») հանգամանորեն շարադրել է ս.թ. դեկտեմբերի 4-ին օպերային դահլիճում և դահլիճից դուրս տեղի ունեցած դեպքերը, որոնց արդյունքում բարձրաստիճան մի պաշտոնյա «դաժան ծեծի» է ենթարկել բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյայի: Հայտնվում է նաև, որ սկանդալի հանգուցալուծման ժամկետ է սահմանված առաջիկա երկուշաբթին:
Շարունակելով ծեծի թեման, «Առավոտը» տեղեկացրել է, որ համանման դեպք է արձանագրվել նաև երեկ Էջմիածնում. քաղաքի բարձրաստիճան պաշտոնյան «դաժան ծեծի» է ենթարկել Երևանի մի բնակչի, որը ապահովագրական գործակալության աշխատակից է:
«Հայկական ժամանակը» խոստացել է ժամանակի ընթացքում ներկայացնել «ՀՀ վարչապետի չիրականացած կանխատեսումները»: Դրանցից մեկը, ըստ թերթի, տարեկան 5-6 տոկոս գնաճի կանխատեսումն էր, որն արվել է հինգ ամիս առաջ: Թերթին մտահոգել է վարչապետի լավատեսությունը, դրական ազդակներ փոխանցելու նրա մղումը:
«Ռեսպուբլիկա Արմենիան» հոդված է նվիրել բիզնեսի խթանման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերին և եզրակացրել, որ «փաստորեն երկխոսություն չկա տնտեսության պետական և մասնավոր հատվածների միջև»:
Ըստ «Կապիտալի» Հայաստանում գործող գրավատները, «տրամադրելով բարձր տոկոսադրույքներով վարկեր» և «ստանալով գերշահույթներ», ըստ էության խախտում են «ՀՀ քաղաքացիական ու քրեական օրենսգրքերը», որի համար էլ պարբերականն առաջադրել է հարց, թե «ինչո՞վ են տարբերվում գրավատները վաշխառուներից»: Մի այլ հրապարակման մեջ թերթը փոխանցել է սահմանված ԱՊՊԱ սակագների և հաշվարկված «ռիսկային գործակիցների» վերաբերյալ «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովի նկատառումները («78%-ը վնասաբերության մեծ ցուցանիշ է»): «Առավոտը» և «Հայկական ժամանակը» հրապարակել են ԱՊՊԱ համակարգի ներդրման առնչությամբ ՀԱԿ-ի հայտարարությունը, որում ի մասնավորի առաջարկվում է համապատասխան «օրենքի կիրառումը հետաձգել»:
«Ի՞նչ խնդիր ենք լուծում մեր հղիների հաշվին» հրապարակման մեջ «Ազգը» անդրադարձել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքին և նշել, թե այն «խոստանում է գլխացավանք դառնալ», նաև հավելել, թե «փոխանակ մեր տղամարդիկ արտոնյալ պայմաններ ստեղծեն մեր նոր մայրացող երիտասարդ կանանց ու նորածինների համար, մի բան էլ խլում են նրանց բերանից»: