շաբաթ, 11 դեկտեմբերի 2010
Համեմատության տեսություն
«Երկիրը» նկատել է, որ «երկրում օտարերկրյա ներդրումների կորագիծը շարունակում է իջնել»: Եվ քանի որ «ամեն ինչ երևում է համեմատության մեջ», թերթը «գործարար միջավայրի գրավչության համաշխարհային սանդղակում «յոթմղոնանի» քայլ արած Վրաստանի օրինակով բացատրում է, թե ինչու են ներդրումները շրջանցում Հայաստանը: Համեմատության մեթոդը կիրառում է նաև «168 ժամը»` հարևան մեկ այլ երկրի` Ադրբեջանի օրինակով և «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2010» զեկույցի տվյալներով ապացուցելով, որ, մասնավորապես, կրթության ոլորտի կոռուպցիայով մեր երկիրը առաջատար է. «ԱՊՀ-ի մռայլ ֆոնին միակ բացառությունը համարվում է Ադրբեջանը»:
Ողջունելով սեփական իրավունքների պաշտպանության կանանց պայքարը, «Ազգը» հույս է հայտնում, որ կառավարության առաջարկելիք խնդրի լուծումը «չի լինի վերադարձ նախկին կարգին» և ծնելիությունը խթանելու այլ ձևեր կգտնվեն:
«Ո՞րն է ավելի կարևոր` օլիգարխնե՞րը, թե՞ 30 հազար բնակչությունը». տալով այս հարցը, որը վերաբերում է Արգիճի գետի վրա ՀԷԿ կառուցելու բազմիցս արծարծված խնդրին, «Առավոտը» փոխանցում է «SOS Արգիճի» խմբի անդամների կարծիքը. «կառավարությանը և պետական այլ կառույցների ճնշում է օլիգարխների մի խումբ, որի մատը խառն է այս գործում»: Նշվում է նաև, որ «նախարարությունը չկարողացավ կամ էլ չցանկացավ կատարել վարչապետի հանձնարարականը»:
ՀՀ 2011թ. պետբյուջեում Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը գումար չհատկացնելու փաստը «Հայկական ժամանակին» թույլ է տվել ենթադրել, որ այն չի սկսվելու նաև եկող տարի:
«168 ժամի» տեղեկացմամբ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնանկությանն առնչվող մի շարք հարցեր են արծարծված ՀՀ վարչապետին ուղղած Անահիտ Բախշյանի նամակում: Հարցերից մեկն էլ այն է, թե «ինչքանո՞վ է արդարացի ՀՀ նախագահի հրամանագիրը հատկապես այս նախարարի նկատմամբ»: Գևորգ Դանիելյանին «հազվագյուտ պաշտոնատար անձ» է համարել Արծվիկ Մինասյանը և հավելել. «Եթե այդպես շարժվենք, յուրաքանչյուր չինովնիկի, յուրաքանչյուր կառույցի գնահատական կհնչեցնենք այդ տեսակետից: Իսկ այն, որ Հայաստանի կառավարությունը ձախողել է ամեն ինչ, ևս մեկ անգամ վերահաստատելու կամ պնդելու անհրաժեշտություն չկա» («Կապիտալ»):