հինգշաբթի, 16 դեկտեմբերի 2010
«Կադրերն են որոշում ամեն ինչ»
Սույն ասույթը չի կորցրել թարմությունը։ Դրա վկայությունն այն իրարանցումն է, որ ընկել է լրատվամիջոցներում. «Նախարար կնշանակվի Հրայր Թովմասյանը», «Գազի մարդը»՝ քաղաքապետ» («Առավոտ»), «Փչացած հեռախոս», «Սպասումների սարսափից» («168 ժամ»), «Թովմասյան՝ գումարած, Կարապետյան՝ հանած» («Ժամանակ»), «Հարկայինը՝ Բեգլարյանի մոտ» («Հայկական ժամանակ»), «Սպասելիքներին համահունչ» («Երկիր»)։ Մամուլը չի սահմանափակվում այս երկու նշանախոսներով և, վկայակոչելով իր «հավաստի» աղբյուրները, «գուժում» է բազմաթիվ պաշտոնյաների պաշտոնանկությունը՝ վերից վար։
«Ժամանակը» ՀՀ պետական ապարատը համարել է «չափազանց ուռճացված», նաև հավելել, թե 20 տարվա ընթացքում «Հայաստանը միայն մեկ քիչ թե շատ եվրոպականին մոտ ինստիտուտ է կարողացել կայացնել՝ Կենտրոնական բանկը», մինչդեռ մնացած «գրեթե ամեն ինչ ԽՍՀՄ-ն է հիշեցնում»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը արտերկրից ներկրվող հումքով հայկական գինիների պատրաստումը համարել է «զեղծարարություն», ինչին, ըստ պարբերականի, «նպաստող որոշումներ» է կայացվելու այսօրվա կառավարության նիստում («Հարևանի «հարսները» գեղեցիկ լինելուց բացի, նաև մատչելի են»)։ «Հայկական ժամանակն» անդրադարձել է «ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությանը» և կարծիք հայտնել, թե իբր մեր երկրում նման «փաստաթղթերը իրականում նախատեսված էլ չեն իրականացման համար», և «մերոնք ռազմավարություններ «մշակելուց» պարզապես հաճույք են ստանում»։ «Կապիտալի» փոխանցմամբ ԱՊՀ պետական լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է «ճգնաժամի դասերին» և նշել, որ անհրաժաշտ է ավելի «շատ ուշադրություն» դարձնել... բարեփոխումներին և առավել բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի զարգացման համար»։
Ըստ «Հայոց աշխարհի» ավտոապահովագրումը «բախվել է լուրջ բարդությունների, սեփականատերերը չեն շտապում պոլիսներ ձեռք բերել». թերթը նաև հավանական է համարում, որ «ներքին կարգով կհանձնարարվի ոստիկանությանը սկզբնական մի քանի ամիսներին մեղմ վերաբերվել պոլիսներ ձեռք չբերած քաղաքացիների նկատմամբ»։
Ազգային ժողովի արտահերթ նիստերի երկու օր տևած «բավականին հետաքրքիր իրավիճակներին» անդրադառնալով, «168 ժամը» նշել է, որ «Ժառանգությունը» 20 րոպեանոց ընդմիջումներ է վերցնում, ՀՅԴ-ն ընդհանրապես չի մասնակցում քննարկումներին. «Առավոտը» հարցրել է՝ «Կվերանայվի՞ նստաշրջանի օրակարգը», «Գոլոս Արմենիին» թե՝ «Ով ում չի հարգում»։ Նույն «Առավոտը» մի այլ հրապարակման մեջ գրել է, թե ԱԺ քառօրյայի օրակարգում ներառված կառավարության օրենսդրական փաթեթը, որը հաստատվելու դեպքում քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության ժամկետը կկրճատվի մինչև 15 օր, ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի «լավ բան չի խոստանում» և «բնության հաշվին գործարար միջավայրն է բարելավում»։
«Ազգի» տեղեկացմամբ երեկ խորհրդարանը քննարկել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած օրինագիծը, որն ըստ ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանի «նախատեսում է պատժամիջոցների զգալի խստացում» («Անբարեխիղճ մրցակցության պարագայում տնտեսվարող սուբյեկտներին նախ կզգուշացնեն, հետո՝ կտուգանեն»)։