ուրբաթ, 17 դեկտեմբերի 2010
«Իսկ դուք հաշվում եք...»
Ավտոմեքենաների հաշվառումն անվճար դարձնելու կառավարության երեկվա որոշումը նույնպես դրական արձագանք է գտել մամուլում. «ԱՊՊԱ-ն իր վրա նոր ռիսկեր է վերցնում. ոստիկանությունը կատարել է վարչապետի հանձնարարականը» («Կապիտալ»), «60 տոկոսով նվազեցրին գյուղացու ծախսերը» («Առավոտ»): Նույն թերթերը կարևորել են նիստի օրակարգի այլ հարցեր ևս` «Ընդդեմ ժամկետանց հավելումների», «Ամեն ինչ շտրիխ կոդով. գործադիրը պաշտպանում է սպառողների շահերը»:
«Ժամանակի» հոդվածներից մեկի առիթ է դարձել ԿԲ հեղինակած «ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի և տնտեսության զարգացման վրա մարդկային կապիտալի և միգրացիայի ազդեցության գնահատումը» հետազոտությունը («Շարունակում ենք մնալ ասեղի վրա»): «Իրավունքի» թղթակցի երևակայությանն առատ սնունդ են տվել ՎՊ ուսումնասիրությունները («Քամուն տրված միլիարդներ»):
«Դելովոյ էքսպրեսը» մի շարք հարցեր է ուղղել ակադեմիկոս Աբել Աղանբեկյանին, ում պատասխանները բնութագրում են Հայաստանի տնտեսության վիճակը` «Հարկավոր է թոթափել ներկայիս հետամնացությունը»:
«Ժամանակի» «աղբյուրների համաձայն» Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀ նախագահի առաջարկով «ժամանակավորապես լքել է» հանրապետությունը, Կարեն Կարապետյանի` «Հայռուսգազարդ»-ի պաշտոնական կայքում «բացակայում է այն տողը, որտեղ է նա ծնվել (թեև նույն թերթի պնդմամբ ծնվել է այն նույն գյուղում, որտեղ «ի դեպ, ծնվել է Ռոբերտ Քոչարյանը»), պաշտոնանկ է արվել Էկոնոմիկայի նախարարը, իսկ «ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին ասել է, որ եթե պաշտոնանկ արվի գյուղնախարարը, ապա «իրենք համապատասխան կադր դեռ չունեն»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նշել է, թե «Պլասիդո Դոմինգոյի հայաստանյան այցը 5 մլն դոլար է արժեցել, որի զգալի մասը ներքին կարգով հատկացվել է պետբյուջեից» ու եզրակացրել, որ Պ.Դոմինգոն Հայաստանին 5 միլիոնի վնաս է տվել` «չհաշված Գագիկ Բեգլարյանի «անդառնալի» կորուստը»:
Կադրային փոփոխությունների թեմային անդրադառնալով, «Հայկական ժամանակը» փորձել է հասկանալ «վերնախավում տեղի ունեցող եռուզեռի տրամաբանությունը», հավանական համարել, որ ՀՀ նախագահը «դեպքերի զարգացման վրա...այլևս ազդեցություն չկարողանա գործել»: Նույն «Ժամանակը» հարցրել է` «»Ո՞վ է փոփոխությունների թիրախը», կարծիք հայտնել, թե «Ներսես Երիցյանի պաշտոնանկությունը կարող է ընկալվել որպես հարված Տիգրան Սարգսյանի կուրսին», նաև իր հանգույն ենթադրել, թե «չի ուշանա» նաև վարչապետի «պաշտոնանկությունը»: «Երկիրը» կադրային փոփոխությունների առիթով հարցրել է, թե արդյոք դա «ձախողումների խմբագրո՞ւմ է»: Մի այլ հրապարակման մեջ, ՀՅԴ-ի կողմից ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքի բոյկոտման խնդիրը յուրովի ընկալելով, թերթը նշել է, թե «խորհրդարանական ընդդիմության վարքագիծը» հնարավորություն չի տվել «ավանդույթի համաձայն «դակելու» իրենց մեջ մեծ ռիսկեր պարունակող օրինագծերը»: «Ժամանակը» հավելել է, թե խորհրդարանում ընդդիմադիր «ՀՅԴ-ի և «Ժառանգության» ջրերը սկսել են մի առվով չհոսել», և ըստ էության երկու կուսակցությունները «վիճարկում են, թե ով է ավելի ընդդիմադիր»: Թեմային անդրադարձել են նաև «Դե ֆակտո Իրատեսը» («Վերադասավորվո՞ւմ ենք, տղերք»), «Հայոց աշխարհը» («Մարտական ոչ ոքի` հօգուտ դաշնակցության» և «Առավոտը» («Տոտալ վերահսկողություն»):
«Հայկական ժամանակը» փոխանցել է երեկվա «ուշ երեկոյան տարածված տեղեկությունները», թե առաջիկա օրերին «հրաժարական են տալու ԲՀԿ-ական նախարարները», «Բարգավաճ Հայաստանը» դուրս է գալու կոալիցիայից», ինչպես նաև նշել, թե ԱԺ նախագահն «արդեն մի քանի շաբաթ է դադարել է ՀՀԿ կրծքանշան կրել»: