շաբաթ, 18 դեկտեմբերի 2010
Մամուլի գերակա թեման
Այն, անշուշտ, կադրայինն է, որը քննարկելիս լրատվամիջոցները ինքնատիպ մտքերի ու համարձակ կանխատեսումների հեղեղ են լցնում ընթերցողի գլխին: Ահա այդ մտքերից մի քանիսը. «ԲՀԿ-ն այսօր լքում է կոալիցիան», «Եկող շաբաթ Սերժ Սարգսյանը բուռն թափով կշարունակի կադրային փոփոխությունները» («Հայկական ժամանակ»), «Անհասկանալի է, որ կառավարության անդամների մի մասը վատ աշխատանքի, էթիկայի նորմերը խախտելու, չարաշահումների և այլ պատճառներով պաշտոնանկ է արվում, իսկ նրանց անմիջական ղեկավարը` վարչապետը, շարունակում է զբաղվել իր միակ գործառույթով` տեսական դատողություններով», «Հայաստանի տնտեսությունը կառավարվում է «բանկային հոգեբանությամբ», ինչը ոչ թե զարգացման խթան է, այլ առաջընթացի խոչընդոտ» (Արծվիկ Մինասյան), «Եթե վարչապետը ճիշտ չաշխատի, նրան էլ կփոխեն» (Ռազմիկ Զոհրաբյան), «Պաշտոնանկությունները չեն անդրադառնալու միայն արտաքին գործերի, պաշտպանության, էներգետիկայի և բնական պաշարների, սփյուռքի, տրանսպորտի և կապի, արտակարգ իրավիճակների նախարարների վրա» («168 ժամ»), «Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում» («Չի կարելի տնտեսական քաղաքականության մեջ ակնկալել էական փոփոխություններ, քանի որ տնտեսական թիմը նույնն է մնում, մտածելակերպը նույնն է մնում, վարչապետը նույնն է»- Արա Նռանյան) («Առավոտ»), «Ընտրվել է կոմպետենտութա՞ն ուղեգիծը» («Գոլոս Արմենիի»), «2010-ի «շոգ դեկտեմբերը» («Հայոց աշխարհ»), «Ո՞ր կադրերն են որոշում» («Հայկական ժամանակ»): Նույնիսկ ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչության պետի երեկվա մամուլի ասուլիսը և խախտումների ու չարաշահումների բացահայտումը մամուլին հիմք են տվել նոր պաշտոնանկություններ կանխատեսել. «Սև ամպեր ևս չորս նախարարի վերևում» («Կապիտալ»), «Ինչպես են փոշիացվում պետական միջոցները» («Ազգ»):
«Առավոտի» գլխավոր խմբագրի կարծիքով «բացի նախկին քաղաքապետի պաշտոնանկությունից, մնացած կադրային փոփոխությունների համար որևէ բանական բացատրություն չի արտաբերվել: Դա է պատճառը, որ «հավաստի աղբյուրներն» ուղղակի խեղդում են լրատվամիջոցներին»: