ուրբաթ, 24 դեկտեմբերի 2010
Պարզունակ դատողություններ` Ամանորին ընդառաջ
Գիտե՞ք, թե Վլադիմիր Պուտինն ինչու էր ընդունել Տիգրան Սարգսյանին` «Քոչարյանի հետ հանդիպումից հետո». հարցրեք «Ժամանակին», և կիմանաք` Պուտինն այդպիսով ցույց է տվել, որ «բացարձակապես չի ուզում որևէ մասնակցություն ունենալ Հայաստանի գործող իշխանության դեմ որևէ ներիշխանական ինտրիգի»: Իսկ այն մարդիկ, ովքեր կարծում են, թե ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալու հարցը փակված է, չարաչար սխալվում են. «կոալիցիան քանդվելու վտանգը կա մինչև փետրվար» («Հայկական ժամանակ»): Այս թերթին հանգիստ չի տալիս նաև ԱԺ-ն ցրելու սևեռուն գաղափարը, և նույն հարցն ուղղել է ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և ՀՀ նախագահի մամուլի ծառայություններ: Վարչապետի մամուլի քարտուղարի «Առանց մեկնաբանության» պատասխանը լիուլի հիմք է տվել եզրակացնելու, որ վարչապետը «չի բացառել, որ կարող է ՀՀ ԱԺ արձակելու առաջարկ ներկայացնել» երկրի նախագահին:
«Երկիրը» վերապատմել է «Լրագիր» կայքին Տիգրան Սարգսյանի տված հարցազրույցը` բովանդակային մասի շարադրանքը թողնելով հետագային` «Խոսեց նաև վարչապետը»: Կառավարության երեկվա նիստի կարևոր հարցերից մեկի անդրադարձը «Առավոտում» տպագրվել է «Ազատ գոտուն` կանաչ ճանապարհ», «Կապիտալում»` «Հայաստանը գոտիներն արձակում է» վերնագրերով:
Այնուհետև սկսվում է տարվա ամփոփումը. «Կտրուկ անկումից հետո տնտեսությունը մի փոքր կաճի», «Տարին հարուստ էր թանկացումներով. գնաճը կրկնակի գերազանցեց առավելագույն մակարդակը» («Հայոց աշխարհ»), «Ամեն դեպքում 2010-ը լավ տարի չէր» («Իրավունք»), «Տ.Սարգսյանի կառավարության կատարյալ ձախողումը» («Ժամանակ»): Իրենց տարեվերջի խոհերն ընթերցողին են փոխանցում Հրանտ Բագրատյանը` «Եղբայր, բայց իրոք լավ չի, չէ՞» («ՀԺ»), «Բագրատյանը վարչապետ չի սիրում» («Երկիր»), «Վարչապետական» աղանդավորություն» («Ազգ»), ինչպես նաև «Գառնի ինվեստ» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրեն Բագրատ Ասատրյանը` «Չնայած 2.6 տոկոս աճին` Հայաստանի տնտեսությունը խոր դեպրեսիայի մեջ է» («Կապիտալ», «ՀԺ»):
«Կապիտալը» («Վրաստանում բիզնեսի համար ստեղծված են ավելի նպաստավոր պայմաններ, քան Հայաստանում») և «Դելովոյ էքսպրեսը» («Բիզնեսը «փախչում է» Վրաստա՞ն») փոխանցում են երկու երկրներում KPMG ընկերության ղեկավար էնդրյու Կոկշելի կարծիքը:
«Դելովոյ էքսպրեսը» հարցազրույցի է հրավիրել պանրի հայ արտադրողների միության նախագահին` «Հայաստանի սպիտակ ոսկին»: