երեքշաբթի, 18 հունվարի 2011
Սպասելիքները չարդարացան
«Հրապարակը» և «Ժամանակը» անակնկալի են եկել` արդարադատության նորանշանակ նախարարից լսելով, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա: Եթե ասեր, որ կա` կշարունակեր վայելել «բավական լավ, պարկեշտ, օբյեկտիվ փորձագետի համբավ»: Մյուս ԶԼՄ-ները նույնպես լուսաբանել են կառավարությունում սկսված հաշվետվությունները և դրանց հաջորդող մամուլի ասուլիսները` «Սկսել են «ատչոտները» («Առավոտ»), «Մանկավարժներն ատեստավորում կանցնեն» («Ազգ»), «Մամուլի հրապարակումները` Աշոտյանի կանոնով» («Հայոց աշխարհ»): Յուրատեսակ հաշվետվությամբ է հանդես եկել փոխվարչապետ Արմեն Գևորգյանը` պատասխանելով «Գոլոս Արմենիի» հարցերին` «Պաշտոնեական չարաշահումներն ավելի պակաս կլինեն»:
«Դե ֆակտո իրատեսը» և «Ժամանակը» շարունակում են վիճարկել գյուղնախարարի նշանակման հիմնավորվածությունը: Այս թերթերից առաջինը նշում է, որ «նոր նախարարը լիքը պարտքեր ունի մթերումների գծով, և գյուղացիները շատ դժգոհ են նրանից», երկրորդը պնդում է` «... որևէ ոլորտի խոշոր սեփականատիրոջը չի կարելի հանձնարարել տվյալ ոլորտի կարգավորումը, դա պարզապես հակացուցված է շուկայական տնտեսությունում»:
«Կապիտալը» («Շուկայական գնի մասին հիշեցնում է նաև «Գազպրոմի» ղեկավարը») և «Հայկական ժամանակը» («Ձրի ծախվելու արվեստը») քննարկում են առաջիկայում գազի հնարավոր թանկացման հարցը:
«Դելովոյ էքսպրեսը» տպագրել է Արմինֆոյի հարցազրույցը KPMG-ի գործընկեր Էնդրյու Կոկշելի հետ` «Կոռուպցիան հայկական էկոնոմիկայի գլխավոր արգելակն է»: Կոկշելը նաև հաստատում է վերջերս տարածված այն լուրը, թե հայ գործարարները գերադասում են ձեռնարկատիրությամբ զբաղվել Վրաստանում. «Բիզնես հիմնելու համար Վրաստանում իրոք ստեղծվել են ավելի բարենպաստ պայմաններ: Մասնավորապես այնտեղ ավելի ցածր է կոռուպցիայի մակարդակը, բավականին փոքր է հարկային բեռը, մի խոսքով` ավելի քիչ է բյուրոկրատիան»:
«Իրավունքը» տպագրել է հասարակական կարծիքի հարցման կենտրոններից մեկի ուսումնասիրության արդյունքները, որոնք պարզել են, որ Երևան քաղաքի 100 հարցվածների 26 տոկոսի կարծիքով կենսաթոշակային բարեփոխման հետևանքով «ոչինչ չի փոխվի, կշարունակվի դրամաշորթումը»: Նույն թերթի «Ուղիղ կապի» հյուրն է եղել «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Նրա կարծիքով մեր երկրի ճանապարհային ոստիկանության նպատակը «վարորդին օգնելը չէ, ինչպես կատարվում է Վրաստանում, այլ հնարավորինս խիստ պատիժ տալը»: