երեքշաբթի, 25 հունվարի 2011
Ասպարեզում են նախարարները
Նրանցից մի քանիսը ներկա են հատկապես տպագիր մամուլի հրապարակումներում: Եվ եթե Վաչե Գաբրիելյանի «ներկայության» առիթը նրա երեկվա մամուլի ասուլիսն էր` «Ֆիննախը խոստանում է գնաճի նվազում» («Հայոց աշխարհ»), «Արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կմնա անփոփոխ» («Ազգ»), «Ֆինանսների նախարարը փորձելու է կրճատել բյուջեի պակասուրդը» («Կապիտալ»), «Պարտքի մարումը 2013-ից» («Առավոտ»), «Ասեղը չորանում է» («Ժամանակ»), ապա կառավարությունն ի դեմս Արթուր Գրիգորյանի քննադատվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստի օրենքը ուժի մեջ մտնելուն պես ոչ պիտանի դառնալու համար` «Դեկրետի խոտանը» («Գոլոս Արմենիի»), «Պետք է աշխատել նվիրումով»,- այս վերնագիրն է կրում «Առավոտի» հարցազրույցը Սերգո Կարապետյանի հետ: Նախարարը մասնավորապես կրկնում է իր այն միտքը, թե «առանց կոոպերացիաների ստեղծման անհնար է զարգացնել մեր գյուղատնտեսությունը: Մինչդեռ ԱՄն-ում լույս տեսնող «Ասպարեզ» անգլիալեզու պարբերականը, «Նովոյե վրեմյայի» փոխանցմամբ, գրում է, թե գյուղացիական տնտեսությունները մի քանի մարդու ձեռքում կենտրոնացնելով «կառավարությունը կցուցադրի իր լիակատար անհարգալից վերաբերմունքը բնակչության հանդեպ» («Նոր նախարարն առաջարկում է սպանել հայ ֆերմերներին»): «Գոլոս Արմենիին» նույնպես, ԱՊՊԱ-ի ներդրման և կենսաթոշակային բարեփոխման օրինակներով, կարծիք է հայտնել, որ կառավարությունը տանջանքի է ենթարկում կես միլիոն ավտոտերերին և «մի ամբողջ բանակ» կենսաթոշակառուներին և առաջարկել է Հայաստանում ստեղծել «կառավարության անգիտության, անարդարության և անարդյունավետության ապահովագրության ինստիտուտ»:
Այդ ընթացքում «կյանքը շարունակում է վատանալ» («Իրավունք»): Թերթը չի բավարարվել մեկ-երկու նախարարի գործունեության գնահատմամբ և անդրադարձել է նախարարների հաշվետվություններին («Ստացվում է, որ նախարարները գերազա՞նց են աշխատել»): Հոդվածն ավարտվել է հետևյալ եզրակացությամբ` «Ճգնաժամ կոչվածից Հայաստանը դուրս չի գալիս»:
Ըստ «Ազգի» կանխատեսման «մինչև փետրվար հացի գինը կշարունակի բարձրանալ»: «Երկիրը» հավելել է, թե «ալյուրն ավելի կթանկանա», նաև փոխանցել Արծվիկ Մինասյանի և Վարդան Բոստանջյանի նկատառումները գնաճի վերաբերյալ («Հայը սոցիալական բունտ չի «սիրում»): Թեմային անդրադառնալով «168 ժամը» հատկապես ընդգծել է ՀՅԴ խմբակցության ներկայացուցչի տեսակետները, թե Հայաստանում առկա «գնաճի զսպման մոդելը չի արդարացնում իրեն», «ԿԲ-ն ի վիճակի չէ գների կարգավորմանն ուղղված միջոցառումներ իրականացնել» և այլն, «Կապիտալը» իբրև բնաբան մեջբերել է ընդդիմադիր խորհրդարանականի արտահայտությունը, թե «եթե կառավարությունն ու ԿԲ-ն ընդհանրապես չգործեն, շատ ավելի լավ վիճակում կլինենք»: Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է հացի թանկացման վերաբերյալ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի և հացահատիկ ներմուծող «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանի տարբեր կարծիքները: «Հայկական ժամանակը» գնաճին անդրադարձել է «Գնաճը և 3D ակնոցները» հրապարակմամբ: «Առավոտը» նկատել է, որ ՀԴՄ կտրոնով շահողները ստիպված գիշերով գնում են «Հայփոստ» ու հերթ պահում և շահած կտրոնների սպասարկման գործող կարգում փորձել հայտնաբերել «տարաբնույթ կոմբինացիաներ»: