ուրբաթ, 4 փետրվարի 2011
«Ցոգոլ» գողացողը... ձի էլ կգողանա
«Ազգի» արձակագիր-նամակագիրը, որը դիմել է ՀՀ վարչապետին և ՀՀ մշակույթի նախարարին, անընդունելի է համարում «ցոգոլ» գողացող պատանիների գովազդը, տարակուսում է, թե ում են հարկավոր հայի կերպարը վարկաբեկող «Խաչագողներ» ֆիլմը և այժմ էլ` «Հացի խնդիրը»` իր «միկիտաններով ու մովրովներով»: Հեղինակը հընթացս առաջարկում է մեր ժողովրդի պատմության էկրանավորման արժանի մի շարք դրվագներ և կերպարներ, որ «ամեն հայ ուրախանա, որ օտարն էլ տեսնի, զգա, ճանաչի հայի ով լինելը...»:
Կառավարության երեկվա նիստից մամուլն ավելի շատ մեջբերել է արդարադատության նախարարի և ԱԱԾ տնօրենի բանավեճը` «Վիճեցին» («Հայոց աշխարհ»), «Ինչպես է ԱԱԾ-ն մասնակցելու ցույցերին» («Առավոտ»), «Խոստովանություն մարտի 1-ի տարելիցին ընդառաջ» («Հայկական ժամանակ»), «Գորիկ Հակոբյանն ու Հրայր Թովմասյանը վիճել են» («Հրապարակ»): Այս թերթը նախանձախնդիր է, որպեսզի «նախարարը կայանա և իր դեմքն ունենա», ուստի քաջալերում է նրան և խորհուրդ տալիս ազատվել «իր համակարգում արմատակալած մի քանի անձանցից` ԴԱՀԿ, քրեակատարողական և նոտարական վարչությունների պետերից, ինչպես նաև զերծ մնալ «Դավիթ Հարությունյանի ազդեցությունից»:
Մամուլի ուշադրությանն է արժանացել նաև մի խումբ պատգամավորների` մի շարք ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսային դրույքաչափը 5 տոկոսով բարձրացնելու առաջարկը` «Մաքսատուրքերը չեն բարձրանա. պատգամավորների առաջարկը մերժվեց» («Կապիտալ»), «Մերժեցին» («Հայոց աշխարհ»): Նախաձեռնության հեղինակներից Արա Նռանյանը «Հրապարակում» պնդում է, որ «կառավարությունը մշտապես տրամադրված է պատգամավորների ներկայացրած օրինագծերին բացասական եզրակացություն տալ» («Կառավարությունը գրագողությա՞մբ է զբաղված»):
«Ժամանակը» («Վճարում են այնքան, որքան ուզում են») և «Հայկական ժամանակը» («Շաքարավազակապետություն») վերլուծում են 1000 ամենախոշոր ընկերությունների ցանկի որոշ առանձնահատկություններ: