երեքշաբթի, 8 փետրվարի 2011
Հանրության քաղաքականապես ակտիվ հատվածի տվայտանքները
Դրանք ընթերցողին է փոխանցում «Ժամանակը»` շրջանառելով այն վարկածը, թե ՀՀ նախագահի «սիրելի որդու» կարգավիճակին» հավակնում են նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ ԱԺ նախագահը և ՀՀ վարչապետը: Այս ուշագրավ միտքն արտահայտելուց հետո հոդվածն ավարտին հասցնելը «տեխնիկայի հարց է». հիշատակվում են քաղաքական դաշտի այսօրվա հիմնական խաղացողները, որոնք բոլորն էլ, թերթի պնդմամբ, ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի «պատկերով և նմանությամբ»:
«Առավոտը» տարբեր դիտակետերից ներկայացնում է վրացական պետհամարանիշներով վարորդների դժգոհությունը, որից շանտաժի ուժեղ տպավորություն է ստացվում` «ԱՊՊԱ-ի «դարդից»` չեն ուզում Հայաստան գալ. վրաստանաբնակներին էլ են ստիպում ԱՊՊԱ կնքել, ինչը բոլորովին նրանց սրտով չէ և դժգոհությունների առիթ է տվել» և «Թքելու են` գնան Վրաստան. երեկ վրացական պետհամարանիշ ունեցող մեքենաների վարորդները փակել Էին Գյումրի-Երևան մայրուղին` կառավարության անդամներից պահանջելով անհապաղ գալ Գյումրի և լուծել մաքսազերծման հարցը»:
«Արտահանումը խոստումներով չի լինում», «Երկրին» խրատում է Արծվիկ Մինասյանը և կառավարությանը կոչ անում երեք «ծրագրային քայլով» հասնել արտահանման էական ավելացմանը:
«Իրավունքը» փորձել է պարզել, թե իշխանությունն ինչ միջոցներ է ձեռնարկում ՀՀ վերահսկիչ պալատի բացահայտումներին «ընթացք տալու», այսինքն` ոսկու և այլ թանկարժեք մետաղների արտահանման ժամանակ իրականացվող «թալանի» հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Պարզվել է, որ մինչև ս.թ. հունվարի 31-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պետք է ավարտեր ՎՊ նյութերի ուսումնասիրությունը, բայց չի ավարտել: Պետք է սպասենք:
Մամուլը մեծ տեղ է հատկացնում գնաճի զսպման քաղաքականության լուսաբանմանը` «Սողացող» և «քառատրոփ» գնաճերի սահմանագծին», «Ո՞վ է պատասխանատու գնաճի համար. ԿԲ-ն, թե՞ կառավարությունը» («Կապիտալ»), «ԿԲ-ն կանխատեսում է գնաճի նվազում, բայց միայն տարվա երկրորդ կեսից» («Հայոց աշխարհ»), «Առանց կանխատեսելու էլ պարզ է» («Հրապարակ»), «Տխուր է ազգիս վիճակը» («Հայկական ժամանակ»): «Առավոտը» փոխանցում է Վահագն Խաչատրյանի («ԿԲ-ն կանխատեսումների բանկ է դարձել»), իսկ «Ժամանակը»` Հրանտ Բագրատյանի («Տարվա վերջին մենք 10 տոկոսից պակաս գնաճ չենք ունենա») կարծիքները: