շաբաթ, 12 փետրվարի 2011
Վրացական գործոնը-2 կամ բիզնեսի արտագաղթը
«Հայկական ժամանակի» հավաստմամբ հանձին Վրաստանի «Եվրոպան հայտնվել է մեր քթի տակ» և զարմանալի չէ, որ «հայաստանցիներն ուզում են ապրել վրաստանցիների կյանքով»: Թեման շարունակում է «168 ժամը»` «Բիզնեսն արտագաղթում է դեպի օրինական դաշտ» և պարզաբանում, թե ինչու է այդպես: «Վրացական գործոնի» տարփողման առիթը նույնն է` ավտոմեքենաների մաքսազերծման հարուցած հուզումները, որոնք ավտոերթերի ձևով հասել են Վանաձոր, Նոյեմբերյան, Ստեփանավան և այլուր («Հրապարակ»): «Ազգը» («Մեքենաների մաքսազերծման պարադոքսը պետք է վերանա, իսկ ժամանակավոր ներմուծման ռեժիմից օգտվածներին ժամանակ տրվի») և «Գոլոս Արմենիին» («Ավտոն դարձյալ շքեղությո՞ւն է. ավտոսիրողներից գումար կորզելու 4 համեմատաբար ազնիվ եղանակ»), նկարագրելով ստեղծված վիճակը, կնճիռը հանգուցալուծելու տրամաբանական ելքեր են առաջարկում:
Մեր երկրում ևս սոցիալական ընդվզման ականատես լինելու հեռանկարը բավականություն է պատճառում որոշ ԶԼՄ-ների, այդ թվում` «168 ժամին», որը երանելի «բունտի» մասնակիցների ստվար շարքերում տեսնում է նաև ձկնավաճառներին, ովքեր «շուտով կմիանան փողոցային առևտրով զբաղվողների և Թուրքիայից հագուստ ներկրողների բողոքի ալիքին»:
Կառավարության տնտեսական քաղաքականության տարբեր դրսևորումներին են անդրադառնում «Ազգը» («Ճգնաժամն ավելացրեց ուշադրությունը արդյունաբերության նկատմամբ. Հայաստանի կառավարությունը սկսեց կոնկրետ քայլեր անել այս ճյուղի համար»), «Կապիտալը» («Ալկոհոլային դիվանագիտություն. հայ-ուկրաինական առևտրային վեճը չի հանգուցալուծվել», «Ինքնաթիռի վարկը սպասարկվում է, իսկ բարեգործները շարունակում են մնալ «ինկոգնիտո»):
«Հրապարակի» պնդմամբ Սերժ Սարգսյան- Գագիկ Ծառուկյան բանակցության ընթացքում ԲՀԿ ղեկավարը ՀՀ նախագահին սատարելու դիմաց պահանջել է ԱԺ ընտրությունից հետո վարչապետի պաշտոնը տրամադրել իր կուսակցությանը: Այս պահանջը «նախագահին բոլորովին դուր չի եկել, սակայն առաջարկը կտրուկ չի մերժվել»: