ուրբաթ, 18 փետրվարի 2011
Հարուստ հարևանը աղքատ ազգականից լավ է
«Մի նախանձեք Վրաստանին» վերնագրով «Առավոտը» ներկայացրել է «վրացական բարեփոխումների» վերաբերյալ ՀՀ վարչապետի կարծիքը, որն արտահայտվել է Տիգրան Սարգսյանի բլոգում: Սրանով թեման կարծեք թե սպառվում է: Սակայն «Կապիտալը» հասցրել է փոխանցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի այն միտքը, թե եթե գործարարը մասնաճյուղեր է հիմնում Վրաստանում, ապա դա ողջունելի է, իսկ եթե փակում է Հայաստանի իր ընկերությունը և բացում այնտեղ, ապա դա վտանգավոր է: Համանման եզրակացության է հանգել նույն միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը` պատասխանելով «Դելովոյ էքսպրեսի» հարցերին` «Կապիտալը» ոտքերով է քվեարկում»:
Լրատվամիջոցները ուշադրություն են դարձրել կառավարության երեկվա նիստի մի քանի հարցերի. «Անվճար գարի` կառավարությունից. գյուղոլորտը կաճի 10 տոկոսով» («Կապիտալ»), «Ցորենի սերմնաբուծությունից բան դուրս չեկա՞վ. կառավարությունը որոշել է խթանել գարու արտադրությունը», «ՀՀ-ում ժողովրդագրական ճգնաժամ է» («Առավոտ»): «Ժամանակը» պատմում է, թե ինչպես նիստից հետո գյուղատնտեսության նախարարը, չկատարելով վարչապետի հանձնարարությունը, խուսափել է լրագրողների հետ հանդիպելուց: Դրա պատճառը, ըստ թերթի, թեմային պատրաստ չլինելն էր: «Կապիտալն» էլ պարզել է, որ ալյուրի շուկայում նոր խաղորդ է հայտնվել, որի անունը «Էկո փուռ» է, բայց որի մասին որևէ տեղեկություն չկա նույնիսկ Google-ում` «Հացի խնդիրը կլուծվի ինկոգնիտո»:
«Դելովոյ էքսպրեսը» մտավախություն ունի, որ արժեզրկման դեմ պայքարը, որին ձեռնամուխ են եղել կառավարությունը և ԿԲ-ն, կարող է նվազեցնել երկրի գործարար ակտիվությունը` «Ինֆլացիայից վախենալով»: Թեման շարունակում է «Հայկական ժամանակը»` իբրև դրամի սղության պատճառ նշելով այն, որ «հունվարին բյուջեի հավաքման ցուցանիշները պարզապես խայտառակ ցածր են եղել»:
Արձանագրելով, որ Հայաստանը շարունակում է մեծացնել իր էներգետիկ կարողությունը, «Կապիտալը» միևնույն ժամանակ նշում է, որ մեր երկրում արտադրվող էլեկտրաէներգիան «քաղաքական և այլ հարցերով պայմանավորված, պետք չէ ոչ Թուրքիային, ոչ էլ Վրաստանին»:
Իր ղեկավարած կազմակերպության 2010-ի ձեռքբերումները և ընթացիկ տարվա խնդիրներն այս անգամ էլ «Դելովոյ էքսպրեսի» ընթերցողին է ներկայացնում Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրենը (2011-ի երկու ծրագրերից մեկն, ինչպես միշտ, այծաբուծությունն է):