չորեքշաբթի, 23 փետրվարի 2011
Նախատոնական մտորումներ
Առաջիկա մարտի 7-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու կառավարության մտադրությունը նույնպես դժկամությամբ է ընդունել «Հրապարակը»` օրացուցային բոլոր փոփոխությունները վերագրելով ՀՀ վարչապետին: Պակաս ինքնատիպ չէ «Ժամանակի» եզրահանգումը ՀՀ բիզնեսի ընդլայնման վերաբերյալ: Պարզվում է` Հայաստանի «օլիգարխիան այլևս որևէ շահագրգռություն չունի ընդլայնվելու այստեղ, տեխնոլոգիական առաջընթացին միտված նոր ներդրումներ անելու», ուստի ընդլայնվում է դեպի Վրաստան: Տնտեսական բազմատեսակ հարցեր են քննարկել Վարդան Այվազյանը և Գագիկ Մակարյանը, որոնց մտքերը տեղ են գտել լրատվամիջոցներում` «Մեծ եկամուտ ունեցողը պետք է մեծ հարկեր տա. սա պետք է լինի Հայաստանում հարկային վարչարարության համակարգի արդիականացման սկզբունքը» («ՀՀ»), «Տնտեսվարողը ստիպված է մտնում ստվեր, պնդում է Գագիկ Մակարյանը» («Կապիտալ»), «Գործդ շաքարով կտրեմ» («ՀԺ»), «Տեսնես` այս տարի՞ էլ «բարի» կգտնվեն» («Երկիր»): Այս թերթը շաքարավազի թանկացման լուրերը PR ակցիա է համարում. առաջիկայում կհայտարարվի, որ կառավարության հերոսական ջանքերով շաքարավազի գինը հաջողվեց կանգնեցնել, ասենք, 500 դրամի մատույցներում, ժողովուրդն էլ թեթևացած շունչ կքաշի` լավ է, 500-ը հո 850 չէ: Եվ քանի որ գյուղատնտեսական տարին նոր է սկսվում, «Երկիրը» մտադիր է տեսնել, թե լո՞ւրջ է արդյոք «հայացքով դեպի գյուղատնտեսությունը շրջվելու վարչապետի հավաստիացումը, թե՞ հույսներս էլի երկնքի բարեհաճության վրա է...»: «Հրապարակն» էլ անդրադառնալով գյուղնախարար-եկեղեցի համագործակցությանը, կարծիք է հայտնում, որ նման «աստվածահաճո միտք» հավանաբար հղացել է կառավարությունը: Գյուղնախարարի կերպարին դրական նոր երանգ է տալիս «Առավոտի» այն տեղեկությունը, թե նրա ճնշմամբ Հայաստանում շաքար արտադրող օլիգարխը «ստիպված կլինի ավելի բարձր գնով ճակնդեղ մթերել» Շիրակի մարզի գյուղերից: Գնաճի թեման արծարծվում է այլ հրապարակումներում ևս` «Գնաճը նահանջելու միտք չունի. շատ բան կախված է բերքից» («Հայոց աշխարհ»), «Աղքատությունն ու գնաճը` ձեռք ձեռքի» («Երկիր»):
Էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության համատեղ նիստում տնտեսության զարգացման ու «բիզնեսի գործունեությունը խոչընդոտող» հիմնահարցերի բուռն քննարկմանը մամուլն արձագանքել է նույնքան բուռն: Ըստ «Հայաստանի Հանրապետություն» թերթի նախարար Տիգրան Դավթյանն ընդգծել է, որ «հենց արտահանումը պետք է լինի երկրի... զարգացման գերակայությունը» և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև միջազգային կազմակերպությունների հետ»: «Կապիտալը» քննարկման նյութ է դարձրել ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը` «Արտահանման փրկությունը ազատ առևտրի գոտի՞ն է»: «Ազգը» ներկայացրել է քննարկված հիմնահարցերի վերաբերյալ նիստի մասնակիցների մտահոգությունները, բայց նաև անհասկանալի ու «առնվազն տարօրինակ» համարել, որ մասնավորապես «սննդի անվտանգությանն առնչվող հարցի» քննարկման ժամանակ նախարարը «շատ հարգելի, շատ սիրելի լրագրողներին» խնդրել է լքել դահլիճը: «Առավոտը» հրապարակել է իր տեսակետը, թե «Հայ գործարարները դժգոհ են արտահանումը խթանելու կառավարության քաղաքականությունից», ապա փորձել դա հիմնավորել համապատասխան հայտարարություն- ենթավերնագրերով. «Վարկերը խեղդում են», «Երկաթուղին համը հանում է», «Բա են պանիրն ինչի՞ թանկացավ»: