շաբաթ, 26 փետրվարի 2011
«Ասողին լսող է պետք»
Մամուլը հասկանալի պատճառով միայն «առաջին մոտեցմամբ» է արձագանքել ՀՀ վարչապետի երեկվա հեռուստահարցազրույցին` «Բարձր գնաճը հայկական ֆենոմեն չէ» («Հայաստանի Հանրապետություն»), «Շատ լավ ենք ապրում» («Հրապարակ»), «Դիտեք մեզ, խղճացեք ձեզ» («168 ժամ»): «Երկիրն» ըստ երևույթին ավանդույթ է դարձնում բլոգների տեսությունը` այս անգամ թվարկելով տնտեսության այն ոլորտները, որոնք «ավերել» է վարչապետը` ոսկեգործություն, անասնապահություն («Կաթ և վարչապետ»): Լուսաբանելով գործարարության աջակցման խորհրդի երեկվա նիստը, որը վարել է Տիգրան Սարգսյանը, «Առավոտը» նյութի ավելի լավ վերնագիր չի գտել, քան «Մենակ նիստեր անելո՞վ են աջակցում»-ը: Եվ ընդհանրապես, «ռուսական իշխանությունները ինչ-որ պատճառով խիստ տրամադրվել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ», սակայն ՀՀ նախագահը «փորձում է համոզել ռուսներին` հաշտվել Տիգրան Սարգսյանի գոյության հետ» («Հրապարակ»):
Լրատվամիջոցներում «տհաճ» բաները քչություն չեն անում: «Երկիրի» համար այդպիսի տհաճություն է Աբգար Ափինյանը, որն իբր «վերջերս հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանին և մշակույթի փոխնախարար դառնալու ցանկություն հայտնել»: Ափինյանը պատրաստվում է դատարան կանչել օրաթերթը: Մինչ այդ թղթակից է ուղարկվել գրողների միություն` ստանալու պատասխանը այն հարցի, թե ինչ կլինի` եթե Ափինյանը փոխնախարար դառնա: ՀԳՄ նախագահի կարծիքով ավելի «հակամշակութային երևույթ, քան Աբգար Ափինյանն է», ինքը չի տեսել: ՀԳՄ քարտուղարներից մեկն էլ ապավինում է վարչապետի խելքին և հույս ունի, որ նա «հումորով է ընդունել այդ «ինքնառաջադրումը»:
Չնայած արդեն բոլորին է հայտնի, որ «Գազը չի թանկանա» («ՀՀ»), սակայն, օրինակ, «ՀԺ»-ին դա չի մխիթարում, քանզի «մեր տնտեսությունը այս հունվարին անցած հունվարի համեմատ ոչ մի որակական աճ չի արձանագրել»: Գնաճը լրջորեն մտահոգում է «Կապիտալին» («Խնդրահարույց միտումներ տնտեսական աճի մեջ») և «Հայոց աշխարհի» հարցերին պատասխանած ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանին: Սակայն վերջինս գտնում է, որ այս տարվա գնաճի պատճառը «արտաքին գնաճային ճնշումներն են»: Խորհրդարանի մեկ այլ պատգամավորի` Հովհաննես Սահակյանի համոզմամբ կառավարության իրակացրած քայլերը համարժեք են «առկա սոցիալական իրավիճակին»` «Ընդդիմությունը փորձում է սևացնել, նսեմացնել իշխանության գործերը» («Կապիտալ»): Սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու գործում «մենք առավել նախաձեռնող պետք է լինենք»,- ասում է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը («Հայոց աշխարհ»):
Որոշ թերթերի («168 ժամ», «Գոլոս Արմենիի») չի հաջողվել խուսափել «վրացական» ավտոմեքենաների թեմայից, իսկ դատավորների կենսաթոշակների շեշտակի բարձրացումը «Ազգը» համարել է «կոռուպցիայի և կաշառակերության խրախուսում»: