չորեքշաբթի, 2 մարտի 2011
Լայնածավալ և աննախադեպ հարձակում
Այլ կերպ դժվար է բնութագրել ՀՀ վարչապետի հասցեին վերջին օրերին և հատկապես երեկվա հանրահավաքում և այսօրվա տպագիր մամուլում տեղ գտած քննադատությունը: Հանրահավաքում հնչեցված վերջնագրի 15 կետից առնվազն 7-ը տնտեսական թեմայով է, այդ թվում` կառավարության մի շարք անդամների հրաժարականի պահանջը: Թերթերն էլ ասես մրցում են միմյանց հետ:
«Իսկ ճգնաժամը նաև մշակութային է»,-գրում է «Հրապարակը»` անդրադառնալով Աբգար Ափինյանին իբր մշակույթի փոխնախարար նշանակելու` վարչապետի մտադրությանը: Այս նույն թերթի միջոցով ՀՀ վարչապետին նամակ է հղել Տիգրան Մեսրոպյանը, ով «շատ տպավորված է ու հավատով լցված» Տիգրան Սարգսյանի ս.թ. փետրվարի 25-ի հեռուստաելույթով, սակայն «ընդվզում է կոռումպացված մի չինովնիկի վարքագծի դեմ» և դիմում վարչապետի օգնությանը: Նույն «Հրապարակը» երեկվա հանրահավաքի առիթով փոխանցում է «շարքային մարդու» մտորումները. «Հի-մա, հի-մա» ասում են մասսաները և լավ չեն ըմբռնում իրենց առաջնորդի զգուշավորությունը» («Պահանջնե՞ր, թե՞ երազանքներ»):
«Իրավունք- հետաքննությունը» հարցազրույց է արել Հյուսիսային պողոտայում գտնվող «Կայլ» ռեստորանային ակումբի տնօրենի հետ և ի թիվ այլ հարցերի ճշտել, թե իրո՞ք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այդ ակումբի այցելուներից է և «ունի հատուկ սեղան և աթոռ». պատասխանը բացասական է:
«Հայաստանի հանրապետությունը» տեղեկացրել է, որ մայրաքաղաքում շինարարական ծրագրերն ընդլայնվում են, ավելանում են ոլորտին հատկացումները: «Կապիտալը» հավելել է, որ այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 0.9 տոկոս աճ, «տարվա կտրվածքով ոլորտի աճի համար» նպաստավոր պայմաններ կստեղծեն նաև նախատեսված կառուցվածքային փոփոխությունները: Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է ՀԱՄ հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի պնդումը, թե «Տուրիզմը և հանքարդյունաբերությունը անհամատեղելի են», և Հայաստանի մրցունակությունը զարգացնելու նպատակով անհրաժեշտ է «իրականացնել բեկումնային բարեփոխումներ ոլորտներում` մշակելով թիրախավորված ծրագրեր»: «Հայոց աշխարհի» փոխանցմամբ «Չինաստանը հավակնում է դառնալ գլխավոր ներդրող» Հայաստանում, քանի որ «կառավարությունը պատրաստ է աջակցել, իսկ... հայ գործընկերները շատ վստահելի են»:
«Երկիրը» և «Առավոտը» անդրադարձել են գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ՀՅԴ խորհրդարանական խմբակցության առաջարկին, կարևորել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պարզաբանումը, որ կառավարության ներկայացուցչին քննարկմանը չհրավիրելու պատճառն այն է, որ դա «որոշ մարդկանց կողմից» չհամարվի «ճնշում ԱԺ որոշման վրա»: «Կապիտալը» ներկայացրել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի կանխատեսումը, որ «գազը հնարավոր է չթանկանա նաև հաջորդ ջեռուցման սեզոնին», «Հայոց աշխարհը» ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Արմեն Արշակյանի հետ զրույցում պարզել, որ «Հայռուսգազարդի» մարժան շահագործման ու պահպանման ծախսերի մասով կազմում է ընդամենը 17 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց: Մի այլ հրապարակման մեջ թերթը նշել է, որ «դոլարի նկատմամբ ներկայացվող բարձր պահանջարկը շարունակում է ճնշում գործադրել արժութային շուկայի վրա» («Ինչպես կանխել դրամի թուլացումը»): «Երկիրը» նախ գրել է, որ առաջին տարին չէ, որ բացասական արտաքին առևտրային հաշվեկշիռը ուղեկցում է ՀՀ-ին, ապա ներկայացրել «բացասական ազդեցության» կրճատման վերաբերյալ տարբեր տնտեսագետների կարծիքները: «Կապիտալը» հրապարակել է գնաճի զսպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի («Գյուղացուն էժան վարկ է հարկավոր») և Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի («կառավարությունը կարող էր մեղմել գնաճը մաքսային քաղաքականության միջոցով` նվազեցնելով «որոշ պարենային ապրանքների մաքսազերծման արժեքը») տեսակետները: