ուրբաթ, 4 մարտի 2011
«Ո՞ւմ է ձեռնտու»
Այս հավերժական հարցերից մեկը երեկ կարող էր տրվել Հանրապետության հրապարակում, ուր տեղի ունեցածի նկարագրությունը «ողողել է» տպագիր մամուլի էջերը` «Մի կաթիլ մեղր, կամ ո՞ւմ է հարկավոր աղմուկը» («Հայաստանի Հանրապետություն»), «Պատգամավորները հորդորել են առևտրականներին` չենթարկվել ոստիկաններին. պարզաբանում է ոստիկանությունը» («Ազգ»), «Ժառանգության» ինքնաբախվելու պահը Ամերիկայի ժամանակով («Հայոց աշխարհ»), «Էշնահատակության և քաղաքացիության միջև» («Ժամանակ»), «Ոստիկանության նյարդերը տեղի են տալիս» («Հայկական ժամանակ»), «Վարչապետն անձամբ է զահգահարել Բախշյանին» («Երկիր»), «Խայտառակություն Հանրապետության հրապարակում» («Հրապարակ»): Այս համատեքստում նոր թափ են ստացել ասեկոսեները. իբր, «վարչապետի դեմ սկսված վերջին դեմարշը ղեկավարվում է որոշակի կենտրոնից, հիմնականում պրոռուսական շերտերից» («Դե ֆակտո իրատես»), իբր, «դարձյալ օրակարգ է մտել Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության տեղեկությունը` նա նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ», իբր «ոստիկանապետի ամենահավանական թեկնածուներն են նախարար Արմեն Երիցյանը և մարզպետ Աշոտ Գիզիրյանը» («Ժամանակ»): Եվ այլն:
Կառավարության երեկվա նիստին «Հայաստանի Հանրապետության» անդրադարձում հատկապես կարևորվել է գործարար միջավայրի բարելավմանը միտված որոշումը, որով, թերթի բնութագրմամբ, «վերանայվել են... շինարարության մեջ սահմանված նորմերը», էապես նվազեցվել կառուցապատման ընթացակարգերի թիվը, տևողությունը և արժեքը: «Կապիտալը» հիշատակել է ՀՀ կառավարության 2011թ. գործունեության միջոցառումների ծրագիրը մանրակրկիտ կերպով հանրությանը ներկայացնելու վերաբերյալ վարչապետի հանձնարարականը և եզրակացրել, որ առաջիկայում «ասուլիսների տարափն անխուսափելի» կլինի: Մի այլ հրապարակման մեջ պարբերականը հավելել է, որ «կանոնադրական կապիտալում պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման և պետության բաժնեմասից ստացվող շահութաբաժինների հաշվարկման և վճարման կարգի» մասին որոշման նպատակը ոլորտում հաշվարկումներ իրականացնելու կարգի հստակեցումն է, ինչը առավել բարենպաստ պայմաններ կստեղծի ընկերությունների գործունեության համար: Կառավարության նիստին հետևել են նաև «Առավոտը» և «Հայկական ժամանակը», որը, ի դեպ, երկու այլ հրապարակումներում անսպասելիորեն որոշել է, թե իբր «խուճապն է պատել կառավարությանը» և որ «ԿԲ-ն գնալով ավելի ու ավելի մեծ ջանքեր է գործադրում դրամի արժեզրկումը կանխելու համար»: «Իրավունքը» արձանագրել է, որ Հայաստանը «թանկացումների հարցով ԱՊՀ առաջատարն է», «Հայոց աշխարհը» հավելել է, որ «ԱՊՀ-ում ամենաբարձր գնաճը Հայաստանում է» և, մի այլ հրապարակման մեջ, ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ զրույցի միջոցով փորձել պարզել, թե «ի՞նչն է խանգարում մենաշնորհների դեմ պայքարին»:
«Կապիտալը» վկայակոչել է Սոտքի հանքավայրերն ու Արարատի ոսկու հարստացման ֆաբրիկան շահագործող GPM Gold ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոզլովի հայտարարությունը, թե «2010-ը բավական դժվար տարի էր», քանի որ «1-ին եռամսյակի վերջին ընկերությունը մնացել էր առանց հումքային բազայի», և հարցրել` «Հայաստանում ոսկու արդյունահանումը վնասաբե՞ր է»: