շաբաթ, 5 մարտի 2011
Եվ դարձյալ... գնաճը
«Հայաստանի հանրապետությունը» և «Կապիտալը» նշել են երեկ Երևանում հանդիսավորությամբ կազմակերպված Armhotels, ըստ միջոցառման կազմակերպիչների` առաջին ազգային առցանց ամրագրման համակարգի շնորհանդեսի մանրամասները և շեշտել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից վերահաստատումը, որ «զբոսաշրջության ոլորտը շարունակում է մնալ գերակա ճյուղ»: «Ազգ»-ում Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը ներկայացրել է գործարարների գործունեության հեշտացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և ընդգծել, որ «դրանք շարունակական են լինելու»: «Հայոց աշխարհը» ` արձանագրել է, որ աստիճանաբար պարզեցվում է նաև «շինթույլտվության տրամադրման կարգը», և «կառավարությունը փորձում է ոլորտը աշխուժացնել` գործարար միջավայրը... բարելավելու ճանապարհով»: Երկու այլ հրապարակումներում թերթը համապատասխանաբար ներկայացրել է ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի տեսակետները այն հարցի շուրջ, թե «Ինչպես խթանել տեղական արտադրողին», նաև վերստին անդրադարձել օրեր առաջ Հեռուստաընկերություններին տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանի` արդյունաբերության զարգացման մասին գնահատականներին:
«Գնաճային ճնշումներն ուժեղանում են» գրել է «Կապիտալը» և կարծիք հայտնել, որ «պահանջվում է հակաճգնաժամային նոր գործիքակազմ»:
Թեմային անդրադարձել են նաև «Ժամանակը» («Սննդամթերքի նույն խմբի գները ՀՀ-ում և ԱՄՆ-ում գրեթե նույնն են»), «Հայկական ժամանակը» («Ֆենոմենալ ֆենոմեն») և «Երկիրը» («Գնաճը զսպելու մեխանիզմներ են մտածում»): Վերջինս երկու այլ հրապարակումներում նաև նշել է, թե իբր «կառավարությունն ինքն է խթանում սոցիալական բունտը» և փոխանցել ընդդիմադիր մի շարք գործիչների արձագանքը նախարարներին ուղղված վարչապետ Տիգրան Սարգսյանի դիմումին, ըստ որի «կառավարության աշխատաոճը լուրջ անհարմարություններ է ստեղծում ընդդիմախոսների համար...»: «168 ժամը» «ՌՈՒՄԵԱ» ընկերությանը armhotels.am առցանց ամրագրման համակարգի ստեղծման բիզնես ծրագիրը ՀՀ կառավարության տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցման օպերատիվ շտաբում հավանության արժանացնելը և արտոնյալ պայմաններով 25 մլն դրամի վարկային միջոցներ տրամադրելը որակել է «սովորական PR»: «Առավոտը» անդրադարձել է վրացական պետհամարանիշները հայկականով փոխարինելու գործընթացին, «Հայկական ժամանակը» այդ առիթով հավելել է, թե իբր «պարզվել է, որ վարկը, որի մասին կառավարութան նիստում» նշվել էր, «այնքան էլ վարկ չէ»: «Կապիտալը» արձանագրել է, որ ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, նաև նշել, թե «Որոտանի հէկերի էլեկտրաէներգիայի սակագները բարձրացել են 4 անգամ: