երեքշաբթի, 15 մարտի 2011
«Որևէ պաշտոն թագ չէ, որ դնես գլխիդ»
Ահա այսպիսի` գրեթե աֆորիստական պատկերավորությամբ է «Գառնիինվեստ» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրեն Բագրատ Ասատրյանը պատասխանում «Կապիտալի» այն հարցին, թե ՀՀ վարչապետին աշխատանքից ազատելու և նրա աթոռն իրեն առաջարկելու դեպքում կհամաձայնի՞ արդյոք զբաղեցնել այդ պաշտոնը: «Վիճակը Հայաստանում բավական բարդ և ծանր է»,- ծանրումեծ խորհրդածում է վարկային կազմակերպության տնօրենը և եզրակացնում, որ «մեր նման երկրներում փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ են համակարգային, քաղաքական փոփոխություններ»: Հրապարակումների զգալի մասը ուղղակի կամ անուղղակի առնչություն ունի ՀՀ նախագահի հրավիրած վերջին խորհրդակցությունների հետ: «Հրապարակն», օրինակ, թեմային նվիրված «Երեք տարի սպասել ենք, երեք ամիս էլ կսպասենք» ծավալուն հոդվածից բացի լրացուցիչ տեղեկացնում է, որ «ՀՀ նախագահը շատ զայրացած է եղել և տնտեսության վիճակի ու իշխանությունների առջև ծագած խնդիրների մեջ մեղադրել է տնտեսական բլոկի նախարարներին` վարչապետի գլխավորությամբ»: «Դե ֆակտո իրատեսը» ասեկոսեի մակարդակով փաստում է, որ իբր «վարչապետը, ԱԺ փոխխոսնակը, ՕԵԿ-ը` ողջ «փաթեթով» հայտնվել են «թիրախային» հարձակման կիզակետում, որ նրանք «լավ գիտեն պատվիրատուներին»: «Հրապարակը» մեկ այլ հոդվածում հիշատակելով արդեն տևական ժամանակ շրջանառվող պաշտոնանկության լուրերը, ակնարկում է, որ «իշխանությունը կամ ժամանակ է ձգում, կամ արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել ընդդիմության հետ»: ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքի «սոցիալական փաթեթը» «Հայոց աշխարհում» մեկնաբանում է Վարդան Բոստանջյանը` «Ցանկացած ողջամիտ առաջարկ արժանի է ուշադրության»: Այս թերթը փոխանցում է նաև Գագիկ Մինասյանի դատողությունները գնաճի զսպման վերաբերյալ` «Նախագահի հանձնարարականները իրատեսական են», ինչպես նաև փորձում պատասխանել այն հարցին, թե «Կհաջողվի՞ տարեվերջին ապահովել կրկնակի ցածր գնաճ»: Թեման շարունակում են «Իրավունքը» («Թիրախն օլիգարխնե՞րն են»), «Երկիրը» («Կփորձենք մի երկու ամիս չխելագարվել»), «Հայկական ժամանակը» («Սկսիր քեզանից»):
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի վերջին նիստին են անդրադարձել «Հայաստանի Հանրապետությունը» և «168 ժամը» («Միայն հաճելի հուշեր և... անորոշ ապագա»), իսկ «ՀՀ»-ն, «Կապիտալը» և «Ազգը» լուսաբանել են էլեկտրոնային եղանակով լիցենզիա ստանալու վերաբերյալ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի երեկվա մամուլի ասուլիսը: