հինգշաբթի, 17 մարտի 2011
«Հիմնական կասկածների» վարկը և առանձնահատկությունը
«Քայլեր` միտված բիզնես միջավայրի բարելավմանը». նշել է «Կապիտալը» և հավելել, որ կառավարությունը նախատեսում է այս տարվա գործունեության գերակա միջոցառումների իրականացմամբ բարելավել Հայաստանի դիրքերը ՀԲ-խմբի «Գործարարություն» (Doing business) վարկանիշային սանդղակում, ինչը նշանակում է օտարերկրյա ներդրումների ներգրավման ու գործարարության զարգացման առավել նպաստավոր իրավիճակ, առավել ազատականացված տնտեսություն ու ազատ մրցակցություն, վարչական ընթացակարգերի պարզեցում և սպառողների շահերի արդյունավետ պաշտպանություն:
«168 ժամը», անդրադառնալով երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի անցյալ շաբաթվա ելույթներում արծարծված տնտեսական խնդիրներին նշել է, որ այդ «կտրուկ շրջադարձով ականատես եղանք, թե ինչպես նախագահը... ցուցաբերեց ղեկավարի, կազմակերպչի... անձնական հատկանիշները», նաև հավելել, թե միջամտության կարիքը զգացվեց «տնտեսական վիճակը քաղաքական գործոնի» վերածվելու պատճառով, և թե իբր «սա դեղին քարտ էր գործադիրին` ՀՀ կառավարությանը»:
«Ժամանակը» ներկայացրել է ՀՀ նախագահի` բարձրաստիճան պաշտոնյաներին «գյուղացու կողքին լինելու» հորդորը և փորձել դա ներկայացնել որպես «այս իշխանությունների խոսքի և գործի տարբերության ամենաակնառու փաստերից մեկը»: «Հայոց աշխարհում» ՀՅԴ-ական խորհրդարանական Արծվիկ Մինասյանը շեշտել է տնտեսության ոլորտում «արմատական փոփոխությունների» անհրաժեշտությունը: Մի այլ հրապարակման մեջ թերթը (նաև «168 ժամը») անդրադարձել է «Արմավիա» ընկերության հիմնախնդիրներին, մասնավորապես ընկերության սեփականատիրոջ տեսակետին, թե «Արմավիա»-«Զվարթնոցի օդանավակայան» աշխատանքային լարված հարաբերությանը, առկա կոնֆլիկտին և գների կարգավորմանը «հնարավոր է, որ որոշակի մոտեցում ցուցաբերեն ՏՄՊՊ հանձնաժողովը կամ կառավարությունը»:
«Հայաստանի հանրապետության» վկայությամբ «ԱՊՊԱ-ն կայացած համակարգ է», «փոխադրամիջոցների 83%-ն ապահովագրված է», և ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի և ֆինանսական համակարգի հաշտարարի, որպես կառույցի, միջև կնքված համաձայնագրով «սպառողների իրավունքների պաշտպանության ջանքերը կհամատեղվեն»:
«Ժամանակը» տեղեկացրել է, որ ըստ Եվրահանձնաժողովի նախագահ Բառոզուի` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «լրացուցիչ օժանդակություն է խնդրել Հայաստանում վերափոխումների գործընթացի համար», ԵՄ ղեկավարը «իր աջակցությունն է հայտնել», ինչն էլ պարբերականը իր հանգույն որակել է «փրկություն Բրյուսելում»:
«168 ժամը» «անուղղելի լավատեսներ» է համարել Հայաստանի մասնավոր ֆինանսական հատվածի ղեկավարներին, որը, ըստ թերթի, պարզ է դառնում ֆինանսիստների հետ «Արկա» գործակալության անցկացրած հարցման ուսումնասիրությունից: