երեքշաբթի, 22 մարտի 2011
Գոգոլից մինչև Իլֆ ու Պետրով
Եվ քանի որ Վազգեն Խաչիկյանը այս տրամաչափի առայժմ միակ կիսով չափ «մերկացված» գործիչն է, Վերահսկիչ պալատը ստեպ-ստեպ հանրությանը հիշեցնում է գործի մանրամասները, իսկ լրատվամիջոցները միմյանց հետ մրցում են, թե ով ավելի դիպուկ բնութագրում կգտնի նրա համար: Ահա վերնագրերը. «Սոցապ ոլորտի «մեռած հոգիները». ՀՀ նախագահի հանձնարարականով` մինչև հունիս կստուգվեն ՍԱՊԾ տարածքային մարմինները» («Հայաստանի Հանրապետություն»), «Մեռած մարդիկ տարիներով կենսաթոշակ են ստացել» («Ազգ»), «Մեծն կոմբինատոր Խաչիկյանը. «մեռած հոգիների սխեման սոցապ ծառայությունում» («Կապիտալ»), «Վերահսկիչի բացահայտումները շարունակվում են» («Երկիր»), «Ինչպես են թալանել պետական բյուջեն» («Հայոց աշխարհ»), «Իսկ որտե՞ղ է հիմա Խաչիկյանը. հաստատ ոչ ուղղիչ աշխատանքային գաղութում» («168 ժամ»), «Իշխան Զաքարյանը մերկացրեց Վազգեն Խաչիկյանին» («Ժամանակ»), «Թոշակ են ստացել հանդերձյալ աշխարհից. ո՞ւմ գրպանն են գնացել մահացածների «թոշակները» («Առավոտ»), «Խախտումներն առկա են, մեղավորներ դեռ չկան» («Գոլոս Արմենիի»):
«Ազգը» գրել է, որ ըստ երեկ ԱՎԾ հրապարակած 2011թ. փետրվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների արձանագրվել է տնտեսական ակտիվության 1.4 տոկոս աճ, «արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը փոքր-ինչ նվազել է»: ԱՎԾ հրապարակմանը անդրադարձել են նաև «Իրավունքը» («Տնտեսությունում, բացի թանկացումներից` էլ ոչինչ տեսանելի չէ»), «Հայկական ժամանակը» («Փետրվարին ծիրանը շատ էր»), «168 ժամը» («Փոքրերի հաշվին»), որը կարծիք է հայտնել, որ «հունվար ամսին խոշոր բիզնեսն այնքան էլ լավ վիճակում չի եղել» ու եզրակացրել, թե «տնտեսությունը... առաջ է տարել փոքր ու միջին բիզնեսը», և «Ժամանակը», ըստ որի ոչ միայն «չափազանց վատն են» եղել «փետրվար ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները, այլև վերանայվել են նախորդ ամսվա... ցուցանիշները` նվազման ուղղությամբ» այն դեպքում, երբ դրանք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը համարել էին «հուսադրող»:
«Գերիշխող դիրք, խնդիրները և հետևանքները» անվանմամբ երեկ Երևանում մեկնարկած երկօրյա միջազգային համաժողովին իր անդրադարձը «Հայոց աշխարհը» վերնագրել է` «Որտեղ են սկսվում և ավարտվում մրցակցության խնդիրները»: «Ժամանակը» արձանագրել է համաժողովում ՀՀ վարչապետի ներկայացրած հինգ խոչընդոտները, որոնք «կան Հայաստանում տնտեսական մրցակցության ճանապարհին» ու հավելել, թե իբր չի արձանագրվում գլխավոր պատճառը` «իշխանության քաղաքական կամքի բացակայությունը»: Համաժողովին անդրադարձել են նաև «Կապիտալը» («Կհաջողվի՞ կասեցնել գների մրցավազքը. կառավարությունն ակնկալում է հասարակության աջակցությունը») և «Ազգը» («Նոր լիազորություններ` արդյունավետ գործելու համար»):
«Իրատես դե ֆակտոյում» «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը «Բարձր գնաճի իրական պատճառները» պայմանականորեն դասակարգել է 4 խմբի, թվարկել դրանք ու հարցրել` «արդյոք հաղթահարելի՞ է այն»: