հինգշաբթի, 24 մարտի 2011
«Մեր գյուղն էն է, որ հպարտ...»
Գյուղատնտեսության խնդիրների լուսաբանումը ավելի ու ավելի մեծ տեղ է գրավում մամուլում, և դա բնական է: Բայց այսօր դրան գումարվել են տարածքների համաչափ զարգացման, բարձրալեռնային գյուղերի համար Համաշխարհային բանկի տրամադրած վարկի թեմաները: Այս ամենը միասին, ըստ մամուլի, հենց այն է, ինչ դեմքով դեպի գյուղացին շրջվելը. «Տարածքային համաչափ զարգացում` ի շահ երկրի» («Հայաստանի Հանրապետություն»), «Պետական միջոցները կծախսեն սիմուլյացիոն մոդելով. կառավարությունում հիշել են համաչափ զարգացման մասին» («Կապիտալ»), «Համաչափ ենք զարգանալու», «Գյուղատնտեսության աճի գաղտնիքը բացահայտված է» («Երկիր»), «55 լեռնային գյուղերի համար` 21մլն դոլար» («Ազգ»), «Լավ կլինի... հուսադրում են ՀԲ կանխատեսումները» («Առավոտ»), «Արհեստական հոգատարությունից մինչև արհեստական բեղմնավորում», «Բլոտ խաղալն է պետք արգելել» («168 ժամ»), «Ուսումնամեթոդական ուղեցույց ըստ Տիգրան Սարգսյանի» («Ժամանակ»), «Ես կովի մասնագետ չեմ» («Հրապարակ»), «Ոռոգման ջուրը վերաճում է քաղաքական գործոնի» («Գոլոս Արմենիի»):
Մամուլի որոշ ներկայացուցիչներ, սակայն, գյուղատնտեսության խնդիրներին նվիրված վերջին օրերի անդրադարձներում շարունակում են շահարկել գյուղացիների հետ հարց ու պատասխանի` կոնտեքստից դուրս ոչ էական մանրամասներ, ուշադրությունից դուրս թողնելով հանդիպումների բուն թեման` բարձր լեռնային գոտում արոտավայրերի վերականգնման խնդիրները, կոնկրետ դեպքում Ավան համայնքում պիլոտային ծրագրի իրականացումը, կոոպերացիայի զարգացումը և այլն:
«168 ժամի» հետ զրույցում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադարձել է Ազգային ժողովում քննարկվող Ընտրական օրենսգրքին վերաբերող երկու նախագծերին ու նշել, որ «կոալիցիայի ներկայացրածն ամբողջական նախագիծ է», մինչդեռ «ընդդիմության նախագիծն ընդամենը փոփոխությունն է»: Երկու այլ հրապարակումներում, «Կապիտալի» հետ միասին, թերթը գրել է, որ «Հայաստանը չի հրաժարվում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումից»:
«Գործարար միջավայրը վատթարացել է», նշել է «Կապիտալը» հավելելով, թե թեև «պարբերաբար հնչող պաշտոնական հայտարարությունների» համաձայն «կառավարությունը... բարելավման ուղղությամբ եռանդուն քայլեր է ձեռնարկում», սակայն «Բիզնեսը դա չի արձանագրում»: «Հայկական ժամանակը» ՊԵԿ-ում անցկացված կառույցի հասարակական խորհրդի նիստը որակել է ներկայացում: «Ժամանակը» փորձել է ճշտել, թե «ինչու են խոշորները ավելի շատ հարկեր վճարել 2011թ. հունվարին» և իր հանգույն եզրակացրել, թե իբր «հունվարին մեր հարկայինը համեմատաբար «դաժան» է գտնվել խոշորների նկատմամբ» և այլն:
ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հապիի երեկվա ասուլիսի մանրամասներին անդրադառնալով, «Ազգը» ընդգծել է վերջինիս կարծիքը, որ «գնաճի զսպումը կարճաժամկետ հատվածում կարող է դրական լինել, իսկ երկարաժամկետ հատվածում` բացասական»:Ասուլիսին արձագանքել է նաև «Կապիտալը», ըստ որի ՀԲ-ը «վտանգ է տեսնում «առաստաղային» գներում» և նշում, որ պարենային որոշ ապրանքների գները «շատ ավելի բարձր են, քան հարևան երկրներում» («Չափազանց կարևոր է, որ չխաթարվի հավասարակշռությունը»): ՀԲ-ն, այդուհանդերձ, համամիտ է կառավարության գնաճի դեմ պայքարի քաղաքականությանը:
Ըստ «Հայոց աշխարհի» ճգնաժամը և դրան հաջորդած բարձր գնաճն են իշխանություններին հարկադրել մտածել գյուղատնտեսական ռեսուրսների շահագործման արդյունավետության բարձրացման մասին, ուստի` «գնաճը միայն վատ հետևանքներ չի թողնում»: