ուրբաթ, 25 մարտի 2011
Հակակշռի գործոնը
«Ծանր է վարչապետի գլխարկը», հավաստում է «Դե ֆակտո իրատեսը» և իբրև ասվածի ապացույց նշում մեզանում տիրող «վարչապետափոխության սինդրոմը» կամ վարչապետաֆոբիան: Թե որքանով է այս ձևակերպումն արդարացված, մնում է թերթի խղճին: Դատողությունն արվել է վարչապետի Բրյուսել կատարած այցի արդյունքների առնչությամբ. «ա) Տիգրան Սարգսյանը կմնա իր պաշտոնում. նա վայելում է բազմակողմանի աջակցություն, այդ թվում` ռուսական որոշակի շրջանակների, բ) Արևմուտքը նույնպես աջակցում է և թույլ չի տա նրա խաթրին կպչել, որովհետև առանձնապես շատ ֆավորիտներ չունի էս մոռացված Նոյյան հողում. կօգնի ամենապես, այդ թվում` նյութապես»: Նույն թեմային է անդրադառնում «Հայացքը» և եզրակացնում. «ՀՀ վարչապետի բրյուսելյան հայտարարությունը տարածաշրջանում ստեղծված իրողությունների պարզ արձանագրում է և նպատակ ունի հակակշռել Հայաստանի նկատմամբ գործադրվող ճնշումը»:
Մամուլի բազմազան արձագանքն է հարուցել կառավարության երեկվա նիստը. «Հայկական միրգը» կբարելավի հայկական մրգի համբավը («Հայաստանի Հանրապետություն»), «Ինչպե՞ս կարող է մահացած մարդը թոշակ ստանալու դիմում ներկայացնել» («Ազգ»), «Կեղծարարությունը շարունակվում է», «Կաթի փոշին ու սոդան արել են իրենց գործը. կառավարությունը վերստին հիշել է պանրագործներին» («Կապիտալ»), «Թոշակի» գործերը դատախազություն կգնան. կառավարության դիմաց ցույց անողներին կբռնեն» («Առավոտ»), «Անցան գյուղը քանդելուն» («Հայկական ժամանակ»):
«Տնտեսական ճգնաժամի պատճառով» հրաժարական տված Պորտուգալիայի վարչապետի օրինակը խիստ ոգևորել է «Ժամանակին» և մղել զուգահեռ անցկացնելուն` «Սա Ռիո դե Ժանեյրոյի գոմն էլ չէ»: «Իրավունքը» նույնպես գոմի թեմայից շատ չի հեռացել` «20 տարվա զարգացում. որձ կովերից մինչև տաք ջուր ու փափուկ սրբիչ»: «Երկիրը» անիմաստ է համարում 2 հազար տոննա գարի ներկրելու նախաձեռնությունը` «Կառավարական թվաբանություն», իսկ «Հրապարակը» ոչ միայն արձանագրում է տնտեսական ակտիվության նվազումը մեր երկրում, այլև 20 անուն առաջին օգտագործման ապրանքների գները վերահսկելու որոշումը նկատի առնելով հավաստում` «Երկիրը հաստատուն և արագ քայլերով վերադառնում է դեպի սովետական իրականություն»: