շաբաթ, 26 մարտի 2011
Տնտեսության հիմնահարցերը և ՀՅԴ-ն
«Հայաստանի Հանրապետությունը» և «Առավոտը» նշել են Երևանի քաղաքային պանթեոն, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ընկերների, բարեկամների, հարազատների, պետական ու մշակութային գործիչների սգո այցելության մասին:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության նորաբաց կենտրոն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցին և կառավարության կողմից պետական ռեգիստրի բնագավառում իրականացվող բարեփոխումներին անդրադարձել են «Կապիտալը» («Մեկ պատուհանից»` 15 րոպեում. ՍՊԸ գրանցում էլեկտրոնային եղանակով»), «Հայկական ժամանակը» («Մեկ պատուհան») և «Հայաստանի Հանրապետությունը» («Բիզնեսի գրանցումը` տանից». «մեկ պատուհանի» ներդրումով կոռուպցիան կզրոյացվի»):
«168 ժամի» հետ հարցազրույցում ՀՅԴ-ական խորհրդարանական Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, թե «իշխանափոխությունն անհրաժեշտություն է»: ՀՅԴ-ական մի այլ խորհրդարանական` Արա Նռանյանը, «Կապիտալի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ թեև «այդպես չէ, որ գործարարները երազում են հայտնվել խորհրդարանում», սակայն «հանդիսանալով քաղաքական վերնախավի կողմից ռեկետի աղբյուր և կատարելով ոչ միայն իրենց օրինական պարտավորությունները պետական բյուջեի նկատմամբ, այլև ստվերային վճարումները գործող քաղաքական համակարգի պարագայում, ցանկանում են դրա դիմաց ինչ-որ փոխհատուցում»: «Ժամանակը» ահազանգել է, թե իբր «ՀՀ տնտեսությունն իրականում շարունակում է անկում ապրել», հընթացս ներկայացնելով ՀՅԴ-ական խորհրդարանական Արծվիկ Մինասյանի` գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ վերջին շրջանում նկատվող ուշադրության առթիվ գնահատականները:
«ՏՏ ոլորտ. տուրք մոդայի՞ն, թե՞ լուրջ ծրագրեր», հարցրել է «Կապիտալը», անդրադառնալով կառավարության կողմից որպես գերակա ճյուղ հայտարարված ոլորտի հիմնախնդիրներին: Մի այլ հրապարակման մեջ թերթը առաջադրել է մի այլ հարց` «Ինչպե՞ս ձերբազատվել տեխնոլոգիական հավելուկի կարգավիճակից»:
«Հրապարակը» շարունակել է պնդել, թե իբր կառավարության և նախագահի անձնական «հոգածության արդյունքում» է տեղական շուկան ցնցում ապրել, և մասնավորապես պանիրը «էժանանալու փոխարեն 50%-ով թանկացել» է: Սննդամթերքի և գյուղմթերքների արտադրության հիմնահարցերին են արձագանքել նույն «Հրապարակը» («Աջակցում եք, էլի, որ պանրի փոխարեն սոդայի ու կաթի փոշու խառնուրդ ենք ուտում»), «Առավոտը» («Վտանգավոր պանի՞ր»), որը ներկայացրել է պանրի արտադրության ոլորտում հայտնաբերված լրջագույն խնդիրների մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անդրադարձը, «Ազգը» («Կրծողները շարունակում են վնասել բերքատվությանը»), «Հայաստանի Հանրապետությունը» («Կրծողների դեմ պետք է համատեղ պայքարել»):
«Հայոց աշխարհը» հրապարակել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հարցազրույցը` «Գյուղատնտեսությունը երկրում ոտքի կկանգնի»: Մի այլ հոդվածում թերթը գրել է, որ «անապահովների գազի սակագինը կփոխհատուցվի»: