երեքշաբթի, 29 մարտի 2011
Հարցեր «ներսի կողմից»
Ոչ վաղ անցյալում «ներսի»` ՀՀ կառավարության աշխատակազմի պաշտոնյա հանդիսացող Ս.Ղոնաղչյանը «Առավոտի» միջոցով ՀՀ վարչապետին ուղղել է յոթ հարց, ենթադրաբար` ոչ այնքան դրանց պատասխանն ստանալու, որքան իր իսկ ստեղծած կուսակցության անունը հանրությանը հայտնի դարձնելու ազնիվ մղումով: Մինչդեռ Տիգրան Սարգսյանը կանոնավորապես պատասխանում է մարդկանց հետաքրքրող հարցերին և հերթական հարցազրույցը հեռուստատեսային ալիքներով հնչել է երեկ, այսօր տպագրվել «Հայաստանի Հանրապետություն» թերթում («Արտադրություն-իրացում շղթայում գյուղացին մենակ չի մնա»), ավելի համառոտ տարբերակը` «Կապիտալում» («Գյուղացիները շահագրգռված չեն իրենց ապրանքը էժան ծախել, բայց գնաճը կլինի մինչև 6 տոկոս»): Ավելին, «Հրապարակի» տեղեկացմամբ «շատ խոսելու» հրահանգ վարչապետից ստացել են նաև նախարարները և «խոցելի հարցերով վարչությունների պետերը»: Սակայն մամուլում հնչող հարցերը և արծարծված խնդիրները չեն պակասում` «Գինն ասե՞մ, թե՞ որակը. տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի համոզմամբ կառավարությունը արտահանողներին ոչ մի արտոնություն չի տրամադրում», «Ընկել են» տաքսիստների ետևից. հարկայինը ճնշում է անհատ տաքսիստներին, նրանց փաստաթղթերը հրաժարվում է ընդունել, ստիպում է պարտքեր մարել, հակառակ դեպքում չի թույլատրի աշխատել» («Առավոտ»), «Բանկերին պետականորեն սուբսիդավորելը «սուրբ» գործ է» («Իրավունք»), «Հերթական անարդյունավետ ծրագի՞րը» («168 ժամ»- խոսքը վերաբերում է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրին), «Արտահանման պանիրը» («Գոլոս Արմենիի»-կառավարությունը գործնականում անտեսում է տեղական շուկան):
«Ժամանակը», «168 ժամը» և «Հայկական ժամանակը» արձանագրել են շաքարավազի, բենզինի և դիզվառելիքի հերթական թանկացումը: Վերջինս մի այլ հրապարակման մեջ նաև հավելել է, թե իբր «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում խառը վիճակ է, քանի որ «հանրահայտ Եվգենի Գլադունչիկին» փոխարինած ընկերության նոր ղեկավարը հրաժարվել է ստորագրել կազմակերպության «ընդունման-հանձնման ակտը»: «Երկիրը» անդրադարձել է Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Վահան Ժամկոչյանի, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի, ինչպես նաև Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի տեսակետներին: «Ժամանակը» փորձել է հասկանալ, թե «ինչ է ուզում ասել» Վրաստանի նախկին նախագահ Էդ. Շևարդնաձեն, ով հանկարծ որոշել է, թե իբր «Հայկական ատոմակայանի վիճակն ամենատխուրն է», «այնտեղ անվտանգության ոչ մի երաշխիք չկա» և իր երկրի իշխանություններին կոչ արել «անվտանգության խնդիրների հետ կապված բանակցություններ սկսել»:
«Իրատես դե ֆակտոյում» «Շիրակ կենտրոն» ՀԿ-ը նշել է, որ Գյումրիում երկրաշարժի անօթևան մնացած շատ ընտանիքներ բնակարան ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր չեն կարողանում ներկայացնել այն պատճառով, որ այդ ընտանիքների «մեկ կամ մի քանի անդամներ երկար ժամանակ բացակայում են Հայաստանից...», նաև հույս հայտնել, որ ՀՀ իշխանությունները կարձագանքեն հայտարարությանը և կդիմեն «առավել արդյունավետ միջոցների»` այդ ընտանիքներին « ավելորդ թղթարարությունից... զերծ պահելու համար»:
Կառավարության մամուլի կենտրոնում «Կենսաթոշակային բարեփոխումներ» թեմայով երեկ հրավիրված ասուլիսին և իրականացվող միջոցառումների վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի ու փոխնախարար Արտեմ Ասատրյանի ելույթներին և մեկնաբանություններին անդրադարձել են «Երկիրը» («Մեռյալ հոգիներն այլևս թոշակ չե՞ն ստանա»), «Կապիտալը» («Մահացած թոշակառուն կարող էր կես տարի թոշակ ստանալ»), «Ժամանակը» («Կարկառուն ՀՀԿ-ականն ու երեք վարչապետները») և «Ազգը», որը, ի մասնավորի, նաև քննության է առել դատավորների և Հայաստանում միջին կենսաթոշակների միջև առկա մեծ տարբերությունը: