ուրբաթ, 1 ապրիլի 2011
Հարցերի ու մտորումների բազմազանությունը
Կառավարության երեկվա արտագնա նիստին անդրադառնալով «Հայաստանի Հանրապետությունը» նշել է, որ համապատասխան որոշումներով «անապահով խավի համար բնական գազը կէժանանա» (որից կօգտվի 60 հազար ընտանիք), առավել կկարգավորվեն ավտոմեքենաների տեխզննման գործընթացները, ոռոգման ջրի տարեկան ծավալի կեսից ավելին կհոգա պետությունը, կանխելով ջրի սակագնի բարձրացումը:
Անապահով խավի համար գազի սակագնի որոշակի չափով սուբսիդավորման առիթով «Հայկական ժամանակը» իր հանգույն եզրակացրել է` «Կոպեկներ են շպրտում», «Կապիտալը» հարցրել է, թե «ինչո՞ւ է շտապել կառավարությունը. սուբսիդավորմանը հատկացվելիք գումարը հստակ չէ», «Ժամանակը» թե` նախաձեռնության հեղինակը «Հայռուսգազա՞րդն» է, թե՞ կառավարությունը»:
«Ինչպ՞ես է «անարատ» կաթից արատավոր պանիր «ծնվում» հրապարակում-հարցը չի շրջանցել նաև «Հայոց աշխարհը», որը մի այլ հրապարակման մեջ հավելել է, թե ԱՊՀ երկրների համեմատականում «մինչև ճգնաժամը ՀՆԱ-ի աճով Հայաստանը առաջիններից էր, ճգնաժամից հետո` վերջիններից»: Կաթի ու պանրի թեմային «Առավոտում» անդրադարձել են նաև «Բիոկաթ» ընկերության հիմնադիր Գարիկ Սարուխանյանը և «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
«Երկիրը» «Կպել է ձվերից ու պոկ չի գալիս» հոդվածում արձագանքել է Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկային ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողոի կողմից տուգանելու փաստին: Մի այլ հրապարակման մեջ թերթը նշել է գյուղական համայնքներ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցի մասին («Գյուղագնացություն», երկու այց, երկու ուրախություն»): «Ազգը», թերևս, երգիծանքի օրվա առիթով, հրապարակել է կեսլուրջ-կեսկատակ «Գրախոսական...գյուղոլորտի շուրջը»:
«Ժամանակի» փոխանցմամբ «Հայաստանում արտասահմանյան ներդրումները նվազել են 41%-ով, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը «Հայկական ժամանակում» հայտարարել է, թե իբր «ՀՀ տնտեսությունը կորցրել է իր դիմադրողականությունը» և «թիվ 1 խնդիր է դարձել գների բարձրացումը»:
«Կապիտալը» անհասկանալի է համարել, թե ինչու ունենալով հավելուրդային բյուջե, ֆինանսների նախարարությունն այն ապահովել է ներքին աղբյուրների հաշվին: «Իրավունքի» հետ ընդարձակ հարցազրույցում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է տնտեսության մի շարք հիմնահարցեր, նաև առանձնացրել այն, որ «մեր ամենամեծ խնդիրը փոքր շուկա ունենալն է»: