չորեքշաբթի, 6 ապրիլի 2011
«Ես քաղաքական գործիչ չեմ, որ ասեմ», բայց կասեմ...
Մոտավորապես այսպես է արձագանքել կառավարման մասնագետը «Երկրի» այն հարցին, թե արդյո՞ք գազի սակագնի իջեցումը ընտրության նախապատրաստության նշան է: Հետո շարունակել է` ասելով. «փորձ է արվում ամեն ինչ անել, որ այս տարի գները չբարձրանան: Սակայն ջուրը կամ գազը վեց դրամով էժանացնելը գնաճի զսպման միջոց չէ, որովհետև համակարգն արդեն չի կառավարվում»... «Հայոց աշխարհի» դիտարկմամբ «Գնաճային սպասումները մի փոքր մեղմվել են», սակայն գնաճի ցուցանիշը, Գագիկ Մինասյանի կարծիքով, «կնվազի տարվա երկրորդ կեսին»:
Գյուղատնտեսության հիմնախնդիրների լուծմանն են լծվել իշխանության բոլոր թևերը: Այդ գործին իր նպաստը բերելու մղումով խորհրդարանական լսումներ է կազմակերպել Ազգային Ժողովը` «Գյուղմթերքի ավելացումը` գնաճի դեմ պայքարի հիմնական միջոց» («Հայաստանի Հանրապետություն»), «Նարոդնիկությունը հասավ խորհրդարան. ըստ գյուղատնտեսության նախարարի` ժողովուրդը չի վստահում նախարարությանը» («Առավոտ»), «Գյուղնախարարությունը մկների վրա է տնտեսել. առաջ, դեպի պլանային տնտեսություն» («Կապիտալ»), «Գյուղը սպասում է ԱԳ նախարարին» («Ժամանակ»), «Հելել-ընկել ենք գյուղերը» («Հրապարակ»):
Կառավարության շենքի ֆոնին աղբատար մեքենաների լուսանկարը տպագրելով «Առավոտն» առաջարկում է «աղբանոց նետել իրենց չարդարացրած, հնամաշ մոտեցումներն ու գաղափարները», քանի որ մարդիկ պետք է կյանքի էական և շուտափույթ բարելավում տեսնեն:
Ավտոմեքենաների տեխզննության վերաբերյալ կառավարության որոշումը մեկնաբանել է ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը` «Կառավարությունը խնդիր է դրել քաղաքացիներին հնարավորինս որակյալ ծառայություններ մատուցել» («ՀՀ»):