շաբաթ, 16 ապրիլի 2011
Լրագրողները սրատե՞ս են...
Ամեն դեպքում նրանք, հանձին «168 ժամի» տեսել են, թե ինչպես երեկ ԱԺ-ում քվորում չլինելու պայմաններում այլ պատգամավորների փոխարեն քվեարկել են ՀՀԿ մի խումբ պատգամավորներ. «Եվ այս ամենը տեղի էր ունենում լրագրողների աչքի առաջ»: Կատարվածը շատերը մեկնաբանում էին որպես «ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի լարված հարաբերությունների արդյունք», երբ ԱԺ նախագահը «ամեն ինչ անում է հնարավորինս հետաձգելու համար կառավարության ներկայացրած ու այդ մարմնի կողմից կարևոր համարվող օրինագծերի քննարկումը»: «ՀԺ»-ն էլ, չխախտելով ավանդույթը, հենց առաջին էջից ձեռնամուխ է եղել կառավարության քննադատությանը` պատկերավորության համար դիմելով «գյոռնափշտիկի» կերպարի կերտմանը: Այս թերթը, ինչպես նաև «168 ժամը», «Առավոտը» մեջբերում են ԱՄՆ դեսպանի այն խոսքը, թե «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան չի շարունակի ծրագրերի ֆինանսավորումը, «քանի որ կառավարման որոշ թերացումներ կան ՀՀ-ում»: Հավանաբար այդ թերացումների հետևանքով է, որ «Հայաստանի բնակչությունը կայուն տեմպերով հեռանում է» («ՀԺ»):
«Հրապարակը» չարաշահում է իր ընթերցողի համբերությունը` Հրանտ Բագրատյանի հետ արած հարցազրույցի հրապարակումը հետաձգելով հաջորդ համար: Նախկին վարչապետի մտքերից մեկը, այնուամենայնիվ, տեղ է գտել նրա լուսանկարի տակ. «Գույք պարտքի դիմաց» գործարքի շնորհիվ «Քոչարյանի վարչակարգը լայնամասշտաբ կոռուպցիա» է իրականացրել` գրպանելով գազի դիմաց բնակչության վճարած գումարի «գոնե մի 85 տոկոսը»:
«Գոլոս Արմենիին» վիճարկում է վարորդական իրավունքի ստացումը պարզեցնելու կառավարության որոշման արդյունավետությունը` հավաստելով, որ չնայած նախորդ` տեխզննման որոշման շնորհիվ ավտոտեսչությունը դադարել է կաշառք վերցնելուց, բայց նույն փողերը մտնում են ուրիշ գրպաններ...
«Դելովոյ էքսպրեսը» մտորում է այն հարցի շուրջ, թե «Ինչո՞ւ բանկերը չեն համարձակվում ֆինանսավորել գյուղատնտեսությունը»: Վարվող քաղաքականության բացասական կողմը դրա համակարգված չլինելն է,- գրում է թերթը:
Թերթերի մեծ մասն անդրադարձել է Գիլերմո Տոլոսայի երեկվա մամուլի ասուլիսին` «Դեռ շատ անելիքներ կան բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու համար» («Ազգ»), «ԱՄՀ-ն դեմ է հարկային արտոնություններին» («Կապիտալ»), «Պարենամթերքի էժանացում է սպասվում» («168 ժամ»), «ՀՀ հարկային համակարգն անբարենպաստ է» («Առավոտ»), «Ուրիշ բան մտածեք» («ՀԺ»), «ԱՄՀ-ն կանխատեսում է, կամ և´ բլիթ, և´ մտրակ» («Հրապարակ»):
Ոստիկանության 10-րդ տարեդարձին նվիրված նիստը ՀՀ վարչապետի մասնակցությամբ լուսաբանել են «Հայաստանի Հանրապետությունը», «Հրապարակը», «Հայկական ժամանակը»: