ուրբաթ, 22 ապրիլի 2011
Կառավարության նիստի արձագանքները
«Ազգը» տեղեկացրել է, որ երեկվա կառավարության նիստում ընդունված որոշումներից մեկը հնարավորություն է ընձեռում հանքարդյունաբերողներին այսուհետև «ազատել իրավական խնդիրներից», ինչը թույլ է տալիս «համայնքների բյուջեներ մտնող գումարները կտրուկ ավելացնել»: Թերթը նաև անդրադարձել է մի քանի օրենքներում կառավարության առաջարկած փոփոխություններին, ըստ որոնց «500 բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է ներկայացնեն հրապարակային հայտարարագրեր գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին», արձագանքել ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե «Համատարած կաշառակերություն է նոտարական ոլորտում» և վիճակի կարգավորման նպատակով առաջարկություններին: Կառավարության նիստի լուսաբանմամբ հանդես են եկել «Հայաստանի Հանրապետությունը» («Հանքային ջրերի և ոչ ոգելից խմիչքների գործարան` Արտաշատում»), «Երկիրը» («Զգուշացեք նոտարներից»), «Հրապարակը» («Նոտարիատում կոռուպցիան օրինականացնո՞ւմ են»): «Առավոտը» («Զսպաշապիկ` բարձրաստիճան պաշտոնյաների համար») և «Կապիտալը», որը մասնավորապես օրենքով ամրագրված որոշակի դեպքերում տնտեսվարող սուբյեկտներին տույժ ու տուգանքներից ազատելու վերաբերյալ Ազգային ժողովին ներկայացված կառավարության օրենսդրական առաջարկը որակել է «բյուջետային խնդիրները լուծելու» համարձակ քայլ և, որոշ իմաստով, անգամ «ծայրահեղ»:
«Պարզապես աղմուկ». «Ռեսպուբլիկա Արմենիայի» հոդվածը ներկայացրել է մի շարք ոլորտներում կառավարության գործունեության վերաբերյալ ՀՅԴ նկատառումները: «Առավոտը» անդրադարձել է Ազգային ժողովում քննարկվող ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագծի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանի մեկնաբանությանը, ըստ որի «քննարկվող նախագծով հակամրցակցային դաշտ է ստեղծվում», և «կառավարությունը փորձում է իրեն առավել դասել ԱԺ-ից»: «Երկիրը» ԱՎԾ երեկվա հրապարակումների առիթով փոխանցել է ԱԺ պատգամավոր Արա Նռանյանի և տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի տեսակետները («0 տոկոս աճն էլ է ուրախալի»): Վիճծառայության տվյալներին արձագանքել են նաև «Հայոց աշխարհը» («Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազում է. մարտին արձանագրվեց զրոյական աճ») և «Հայկական ժամանակը» («Արի մի քիչ ճշգրտենք»): «Իրավունքը» «Տարածաշրջանային ջրբաժանի շեմի՞ն» հրապարակման մեջ այս շաբաթվա տնտեսա-քաղաքական առավել աչքի ընկնող իրադարձություն է համարել հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային համաժողովը: