հինգշաբթի, 28 ապրիլի 2011
Գյուղատնտեսական տարվա «վեհաշուք» քննադատությունը
«Ազգը» և «168 ժամը» անդրադարձել են «Վալեքս գրուպում» խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասներին և փոխանցել հանքարդյունաբերողների պատրաստակամությունը՝ կրկնապատկել հանքարտադրության ծավալները:
Նոտարիատում տիրող իրավիճակին ՀՀ վարչապետի խիստ գնահատականից հետո մամուլը շարունակել է անդրադառնալ ծառայության այս ոլորտին: «Նոտարները դասական եղանակով կաշառք չեն վերցնում» վերնագրով հրապարակման մեջ «Новое Время»-ն, վերլուծելով իրավիճակը, փաստում է, որ խորհրդային տարիներին էլ նոտար էին դառնում անհաջող, չկայացած իրավաբանները, գնահատում է նոտարների թիվը ավելացնելու ջանքերը, հույս հայտնելով, որ բարեփոխումների արդյունքում քաղաքացիներին կմատուցվի որակյալ և դյուրին ծառայություն: «Բայց կբարեփոխվի՞ արդյոք կոռումպացված նոտարական ծառայությունը»,- մտորում է թերթը:
«Կապիտալը» («Կադաստրում համատարած ատկատներ»), ներկայացնելով կադաստրում իրականացվող ծառայությունների դիմաց նախատեսված վճարները, հարցրել է՝ «Ում գրպաններն են հոսում միլիոնները»:
Լրագրողների հետ Հրանտ Բագրատյանի երեկվա հանդիպմանը և ԿԲ-ի, կառավարության ու վարչապետի գործունեության վերաբերյալ նրա «հավակնոտ» գնահատականներին արձագանքել են «Երկիրը» («Անտեղյակ Բագրատյանը», «Իրենց ռեֆորմը իրենց գլխին կպնի», «Փողի գենոցիդ կլինի»), «168 ժամը» («Մեղադրել է ԿԲ-ին»), «ՀԱԿ-ի բարեկամը» և «Հրապարակ» («Հեիքաթներ են պատմում»):
«Ինչպիսի՞ն կլինի այս գյուղատնտեսական տարին», հարցրել է «Հայկական ժամանակը» և «իր հանգույն» պատասխանել, թե... «միակ ճանապարհը քաղաքական արմատական փոփոխություններն են»:
«Կապիտալի» հետ զրույցում Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը գյուղատնտեսության համար ընթացիկ տարին համարել է «այնքանով նպաստավոր, որ ոչինչ չանելով կունենանք առաջընթաց», նաև հավելել, թե իբր «պետությունը մի ձեռքով գյուղացուն գումար է տալիս, իսկ մյուսով՝ ետ վերցնում»: «168 ժամը» գյուղատնտեսության թեմային անդրադարձել է «Հարաբերականության տեսությունն՝ ըստ հայկական կովերի» հրապարակման մեջ:
«Հայոց աշխարհի» տեղեկացմամբ վառելանյութը թանկացել է «միանգամից 20 դրամով» և սահմանել «հերթական ռեկորդը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը գրել է. «Աշխատավարձի աճը դանդաղել է, գնաճը՝ արագացել»:
Մի այլ հոդվածում թերթը ընթերցողներին հրամցրել է «հայկական բենզինի «բույրը», ի մասնավորի նշելով, թե իբր «բենզինի թանկության համար ներկրողները մասնավոր զրույցներում մեղադրում են կառավարությանը»:
«Երկիրը» ներկայացրել է ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի և «Նոր ժամանակների» ղեկավար Արամ Կարապետյանի տեսակետները վարկային միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Մի այլ հրապարակման մեջ թերթը մտահոգություն է հայտնել «ժողովրդագրական... իրականությունից», նշել, թե «ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն 2020թ. Հայաստանի բնակչության թիվը կմնա նույնը», նաև հավելել, թե «եթե նախկինում... հեռանում էին սոցիալական խնդիրների պատճառով, այսօր գնում են նաև նրանք, ովքեր հացի խնդիր չունեն»: Արտագաղթի թեմային անդրադառնալով «Հետքը» գրել է, թե «այն, ինչի ականատեսն են վերջին շրջանում, գերազանցում է արտագաղթով զբաղվող փորձագետների ամենամռայլ կանխատեսումները», ապա ուղղակի հարցրել. «Հրանուշը բերի, Պուտինը տանի, բա եղա՞վ»: