երեքշաբթի, 3 մայիսի 2011
«Գառնիի լավաշը» և Օսկանյանի երազանքը
Ըստ «Գառնիի լավաշ» ընկերության սեփականատիրոջ հավաստիացման «էնտեղ (Վրաստանում) մոտ 50-60 տոկոս քիչ են տարբեր գանձումները», իսկ «էստեղ` մեր հայրենիքում, 500 հազար դրամի համար կալանք են դնում հաշիվների վրա» («Հրապարակ»): Սա է պատճառը, որ «Վրաստան է տեղափոխվում «Գառնիի լավաշ» հայտնի ընկերությունը»: «Ինչպե՞ս խթանել տնտեսությունը» ճակատագրական հարցին «Առավոտում» հերթական անգամ պատասխանում է Վարդան Օսկանյանը, ով «Իրավունքի» փոխանցմամբ մտադիր է 2013-ին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել: ՀՀ կառավարության գործունեությունը ևս երեք քննադատ ունի` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը. «...եթե նայում ես տնտեսության կառուցվածքը, մենք այլևս դեմոկրատական պետություն կամ հանրապետություն չենք: Բուրժուական պետություն ենք» («168 ժամ»), Նիկոլ Փաշինյանը. «... Տիգրան Սարգսյանը չի կարող վերացնել մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները», քանի որ դրանց «բոլոր բոսերը գտնվում են խորհրդարանում` կոալիցիոն խմբակցություններում և ֆորմալ առումով հանդիսանում են վարչապետ Սարգսյանի քաղաքական հենարանը» («Հայկական ժամանակ»), Քերոբ Սարգսյանը. «... հենց նույն վիճակագրությունն էլ փաստում է, որ թանկացել և թանկանում են սննդամթերքի բոլոր այն հիմնական տեսակները, որոնք շարքային քաղաքացու համար ունեն կենսական նշանակություն» («Իրավունք»): Այնուամենայնիվ, «Գնաճի մակարդակը փոքր-ինչ մեղմվել է» («Հայոց աշխարհ»), «Այս տարվա հունվար-ապրիլին գներն աճել են 10.5 տոկոսով. միայն ապրիլին արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում» («Ազգ»): «168 ժամը» խորամուխ է եղել որոշելու երկրից տարբեր ապրանքների «արտահանման աճի գաղտնիքները» և նշել, թե իրականում արտահանման ծավալներն ավելացել են ընդամենը հինգ տոկոսով, և թե այդ տվյալները ներկայացնող «տնտեսության ոլորտի մեր պատասխանատուների» ոգևորությունը «հինգ անգամ ուռճացված է»: «Հրապարակը» իր հանգույն աչքալուսանք է արել ՀՀ վարչապետին, թե` մասնավորապես Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում «գունավոր մետաղների գները ռեկորդ են սահմանել», իսկ «մեկ այլ հեղինակավոր` լոնդոնյան հարթակում» ոսկու գները հասել են «պատմական մաքսիմումին»:
«Առավոտի» հետ զրույցում ՀԺԱՄ նախագահ Վահրամ Մկրտչյանը, միջին խավ ձևավորելու անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը որակել է որպես «հանրապետական կուսակցության դեմ», պատճառաբանելով, թե «շատ խոշոր օլիգարխներ հենց ՀՀԿ-ում են»: