շաբաթ, 7 մայիսի 2011
Զգոնության դասերը և գազի նոր պայմանագիրը
«Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է լրագրողների հետ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի հանդիպման մանրամասները, ըստ որոնց մասնավորապես այս տարի գյուղոլորտում ակնկալվում է «10 տոկոսանոց աճ»:
Անդրադառնալով փոխնախարարի կողմից նշված հիմնահարցերին և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկումներին, «Երկիրը» կարծիք է հայտնել, թե «Ձուկը ջրում գյուղատնտեսության նախարարությունը արդեն բազար է անում» և դրանք որակել «գյուղնախարարության երազներ»: «Հայկական ժամանակը» հավելել է, թե իբր «այն, որ գյուղատնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է, թերևս արդեն գաղտնիք չէ», և ըստ իր ճաշակի առաջարկել տեղին-անտեղի հումորը` «Առաջ, դեպի ֆեոդալիզմ»:
«Առավոտը» և «Հայաստանի Հանրապետությունը» նշել են, որ մայիսի 6-ին կայացած ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նիստում հրապարակվել են ազոտական պարարտանյութերի շուկայում առժամանակ առաջ սկսված ուսումնասիրության արդյունքները, միաժամանակ որոշվել է սահմանել հատուկ հսկողություն պարարտանյութի վաճառքի գների նկատմամբ և ուսումնասիրել Թուրքիայից բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեությունը:
«Խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելացել են». գրել է «Ազգը», վկայակոչելով Պետեկամուտների կոմիտեի կայքում տեղադրված 2011թ. առաջին եռամսյակի Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը: «168 ժամը» խորամուխ է եղել ճշտելու, թե «Ում շնորհիվ են աճում հարկային մուտքերը» և հանգել այն եզրակացության, որ «աճը պայմանավորված է ընդամենը... Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ցուցանիշներով»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նախ շեշտել է, որ օլիգոպոլիաների ազդեցութունը մեր քաղաքացիներն «իրենց մաշկի վրա զգում են գրեթե ամեն օր», հետո տեղեկացրել Նյու Յորքի ու Լոնդոնի տարբեր ապրանքային բորսաներում նավթի գների հետ կապված մանրամասներին, վերջում հանգել «կարճ» եզրահանգման` «միջազգային գները Հայաստանի շուկայի վրա ազդում են միայն աճման եղանակով»: Հարկերի թեմային անդրադառնալով «Հայոց աշխարհը» նշել է, որ, ըստ ՊԵԿ-ի հրապարակած խոշոր հարկատուների ցանկի վերլուծության, «ուղղակի հարկերի տեսակարար կշիռը չափազանց փոքր է»:
«Ինչո՞ւ է ուշանում գազային պայմանագիրը». հարցրել է «Կապիտալը» և տեղեկացրել, որ թեև «Գազպրոմը» ստորագրել է Հայաստանին վաճառվող գազի գնի նոր պայմանագիրը, սակայն «Հայռուսգազարդը» դեռ չի ստորագրել, պնդելով, որ այն «դեռ չի ստացել»: Թեմային անդրադարձել են նաև «Հայկական ժամանակը» («Գազի բազար»), «168 ժամը» («Ո՞վ չի ստորագրում») և «Առավոտը» («Գազը կթանկանա՞»):