չորեքշաբթի, 11 մայիսի 2011
Կանխատեսումների խճանկար
«Ազգի» տեղեկացմամբ դրամավարկային քաղաքականության երկրորդ եռամսյակի կանխատեսումներում ԿԲ-ը այն եզրակացությանն է հանգել, որ առաջիկա տարվա ընթացքում արտերկրից գնաճային ճնշումները կթուլանան, սակայն կարձանագրվի նաև տնտեսական աճի նվազում: Թերթը հավելել է, որ այս պահին երկրի ղեկավարությունը նախապատվությունը տվել է գների աճի զսպմանը: «Հայոց աշխարհը» հետամուտ է եղել ճշտելու, թե «ինչպիսին են գնաճային սպասումները ներքին ու արտաքին միջավայրից» և արձանագրել, որ թեև վերջին շրջանում, պայմանավորված «գյուղատնտեսական սեզոնի մեկնարկով», որոշ գյուղմթերքների գների անկում նկատվում է, սակայն տակավին «Հայաստանը շարունակում է մնալ բարձր գնաճային միջավայրում»: «Կապիտալը» նշել է, որ երեկ ԿԲ-ի խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը (8.5 տոկոս) և փորձել պարզել, թե «մինչև ուր կարող է հասցնել «թանկ փողի» քաղաքականությունը»: Օրվա այլ հրապարակումներում թերթը մասնավորապես հայտարարել է, որ «Համահայկական բանկը» այդպես էլ չի գործում, և այդ ուղղությամբ գործընթացները դանդաղ են ընթանում, շեշտել, որ «բենզինը դեռևս թանկ է լինելու» (ի դեպ, չբացառելով նաև էժանացումը), ներկայացրել ՏՄՊՊՀ-ի նորաստեղծ հասարակական խորհրդի նիստին հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի` նոր օրենսդրական դրույթների մեկնաբանությունները: Թեմային անդրադարձել է նաև «Հրապարակը» («Լավ է փողը չթանկացրին. գերշահույթը` ոչինչ»):
«Հայկական ժամանակին» ՊԵԿ-ի հրապարակած առաջին հազար հարկատուների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի տեղեկանքը «ցույց է տվել», թե «տնտեսության մեջ որևէ դրական միտում չի երևում», (թեև թերթը նշել է նաև, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առկա է հարկային մուտքերի աճ): «Հայաստանի Հանրապետությունը» տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազությունում «Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունները 2010թ.» հետազոտության արդյունքների քննարկման մասին:
«Հանուն ժողովրդի ծառ են կտրում». այսպիսի եզրակացության է հանգել «Երկիրը», անդրադառնալով Սևանի թերակղզու տարածքում իրականացվող ծառահատմանը, որի նպատակը հանրային օգտագործման լողափի ստեղծումն է, ըստ ապրիլ ամսին կառավարության հավանությանն արժանացած համապատասխան որոշման նախագծի:
Անդրադառնալով թեմային «Առավոտը» հավելել է, թե «ծառահատման գործողությունները կասեցվել են Սևանի ոստիկանության կողմից», քանի որ «հատողների մոտ չի եղել ծառահատման` օրենքով սահմանված թույլտվության... փաստաթուղթ»: Երկու այլ հրապարակումներում թերթը հայտարարել է, թե ըստ «ԿԲ-ի մարտյան տեղեկանքի» Ռուսաստանից «եկող փողերը շատացել են», իսկ ըստ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի` «թղթի ապօրինի ներմուծումը նոր թափ է առնում»: