հինգշաբթի, 12 մայիսի 2011
Ընդդիմության պահանջները և գազի սակագինը
«Հայաստանի Հանրապետությունը» ըստ ամենայնի ներկայացրել է Երեկ ԱԺ-ՀՀ կառավարություն հարց ու պատասխանից հետո լրագրողների տարբեր հարցերին վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխաններն ու մեկնաբանությունները, մասնավորապես շեշտել, որ ըստ կառավարության ղեկավարի իշխանությունների և ՀԱԿ-ի երկխոսությունը «եղել է մշտապես և հրապարակային», նաև ընդգծել, որ «Գազի սակագինն այս տարի չի բարձրանա»: Վարչապետի գնահատականներին անդրադարձել են նաև «Ազգը» («Տիգրան Սարգսյան. «Աշխարհում գիտե՞ք մի ընդդիմություն, որ իշխանությունների հրաժարականը չպահանջի»), «168 ժամը» («Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»), «Հրապարակը» («Վարչապետը լռեց Քոչարյանի մասով»), «Առավոտը» («Ազգային ժողովում հարցուպատասխանի օր էր» և «Վարչապետն էլ փաստեց` արտահերթ չի լինելու»):Վերջինս մի այլ հրապարակման մեջ ներկայացրել է ՀՅԴ-ական խորհրդարանական Արա Նռանյանի հայտարարությունը, թե ճգնաժամի տարիներին մի շարք տնտեսվարողների նյութական, հարկերի վճարման հետաձգման արտոնությունը կառավարության կողմից տրամադրվել է «անօրինական կերպով» և, այսպիսով, «կառավարությունը խաթարել է տնտեսական մրցակցությունը»:
«Հայկական ժամանակը» անդրադարձել է այս տարվա փետրվարի 14-ին ՀՀ կառավարության ընդունած որոշումներից մեկին և իր հանգույն «ուշագրավ համարել», որ այն «իր բովանդակությամբ մեկին մեկ կրկնում է ՀԱԿ-ի հայտնի «100 քայլ» ծրագրի 20-րդ կետը»: «168 ժամը» մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները մի կողմից համարել է դրական («հնարավորություն են տալիս տարբերակված տուգանքներ կիրառել անբարեխիղճ մրցակցության դեպքերում), մյուս կողմից դրանք փորձել դիտարկել «ներիշխանական հակասությունների» պրիզմայով, որոնելով «ներիշխանական մրցակցության ուրվական»: Մի այլ հրապարակման մեջ թերթը տեղեկացրել է, որ կառավարությունը դարձյալ ԱԺ է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրինագիծը, որի ընդունումն առաջադրում է ավելի քան 600 բարձրաստիճան պաշտոնյաների պարտադրել հայտարարագրելու «իրենց գույքն ու եկամուտները» և որը «անցած քառօրյայում տապալվեց քվորում չլինելու պատճառով»:
«Հայաստանի Հանրապետությունը» գրել է, որ չափագիտության ստանդարտացման և սերտիֆիկացման համակարգում սպասվում են կառուցվածքային և կադրային փոփոխություններ և որ, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հավաստմամբ, արդեն իսկ բավականին ծախսեր են արվել լաբորատորիաների վերազինման նպատակով: Անդրադառնալով թեմային «Կապիտալը» փոխանցել է նաև նախարարի «վերջին զգուշացումը», որ «կոռուպցիայի դեպքերի բացահայտման պարագայում մեղավորները չեն ազատվի միայն վարչական պատժամիջոցներով», այլ «կենթարկվեն քրեական պատասխանատավության»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նշել է, որ կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարարությունը քննարկման է ներկայացնելու ՀՀ կառավարության և Սեյշելյան կղզիների հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկում բացառելու» մասին համաձայնագրի կնքման առաջարկությունը: