հինգշաբթի, 26 մայիսի 2011
«Անվստահության վարագույրները»
Երեկ խորհրդարանի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու` ՀՅԴ առաջարկի քվեարկության մերժմանը լրատվամիջոցներն անդրադարձել են անսքող ջանասիրությամբ ու բազմախոս խորագրերով. «Երկիր» («Անվստահություն չհայտնեցին, բայց չեն վստահում» և «Փաստարկները տեղ հասան»), «Հայկական ժամանակ» («Տապալեցին»), «Ժամանակ» («Կառավարությանն անվստահություն հայտնելուն դեմ էր 13 ՀՀԿ-ական»), «Հայոց աշխարհ» («Մեղքը չեն բարդում»), «Առավոտ» («Կիսում ենք նախորդների պատասխանատվությունը» և «Կառավարության անվստահությանը դեմ էին միայն 13-ը. ՀՅԴ հարցապնդման ժամանակ ակնհայտ դարձավ նաև ՀՀԿ դժգոհությունը»): «Հրապարակի» կարծիքով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի համար «երեկ... վատ օր էր»: «168 ժամը» փոխանցել է լրագրողների բազմաբնույթ հարցերին ՀՀ վարչապետի պատասխանները և ԱԺ նախագահի մի արտահայտությունը, թե «Անհասկանալի է, որ գործող կառավարությունն իր տեղեկանքում ամեն ինչ բարդել է նախկին երկու կառավարությունների վրա»:
«Հայաստանի Հանրապետությունը» տպագրել է կառավարության պատասխանատվության մասին Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորական խմբակցության հարցապնդման տեքստը և դրա վերաբերյալ ՀՀ կառավարության պարզաբանումը (տեքստը տեղադրված է նաև ՀՀ կառավարության պաշտոնական կայքում): Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է Ազգային ժողովի և կառավարության հարց ու պատասխանից հետո լրագրողների հետ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպման մանրամասները («Կոմպրոմատները չեն բխում մեր գործելաոճից»):
«Առավոտը» հրապարակել է երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի` արդեն նախկին ղեկավար Մարիամ Գաբոյանի հայտարարությունը, թե` «նախարարը օրենք է խախտել»: «Հրապարակը» հավելել է` «Մարդիկ իրեն են մեղադրում, ինքը` նախարարին»:
«Հայոց աշխարհը» տեղեկացրել է, որ ՀԾԿ հանձնաժողովը հաստատել է «խմելու ջրի նոր սակագինը», ըստ որի 181 դրամի փոխարեն հուլիսի 8-ից «բնակիչ-բաժանորդները խմելու ջրի փոխարեն կվճարեն 174 դրամ»: «Ազգը», հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն վարչապետ Տիգրան Սարգսյանի այցելությանն անդրադառնալով, ներկայացրել է «ընկերության դերը հայ-գերմանական համագործակցության մեջ», նաև փոխանցել «Քրոնիմետ Գրուպ» ընկերության հիմնադիր Գյունտեր Պիլարսկու հավաստիացումը, որ «Հայաստանը շատ նպաստավոր պայմաններ է առաջարկում ներդրողների համար» և որ առկա է «բարենպաստ միջավայր գործունեության ծավալման առումով»: