հինգշաբթի, 2 հունիսի 2011
Գնաճը և նրա խորհուրդը
«Երկիրը» գրել է, որ ըստ ԱՎԾ 2011թ. մայիս ամսվա գնաճային ցուցանիշների ամփոփ տեղեկատվության հայաստանյան շուկայում «գրեթե կրկնվել են նախորդ ամսվա գների ընդհանուր մակարդակը», «արձանագրվել է նաև 0.04% գնաճ» («Համատարած թանկացումներ»): «Հայոց աշխարհը» հավելել է, որ «մասնավորապես ապրանքների շուկայի դրսևորումները վկայում են, որ գյուղատնտեսությունից բխող գնանկումային սպասումները դեռևս չեն արդարանում»: Թեմային անդրադարձել են նաև «Առավոտը» («ՀՀ-ն գնաճի մակարդակով դեռ առաջատար է») և «Ժամանակը», որ նշել է, թե «գնաճի մակարդակով աշխարհի 46 երկրների շարքում 3-րդն ենք», նաև, մի այլ հրապարակման մեջ փորձել պարզել, թե ինչպես «կարձագանքի... տեղական շուկան» ցորենի միջազգային գների նվազման դրսևորումներին:
Նկատի ունենալով վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները, «168 ժամը» եզրակացրել է, որ քաղաքականությունը նորից դարձել է «ամենամոդայիկ զբաղմունքը», «տնտեսական խնդիրները մղվել են երկրորդ պլան», և ըստ յուրո մեկնաբանել գյուղոլորտում ընթացող գործընթացներն ու գյուղնախարարի այցելությունները տարբեր մարզեր և գյուղական համայնքներ: Երկու այլ հրապարակումներում թերթը հայտարարել է, որ «սուրճը թանկացել է և դեռ կթանկանա», փորձել պարզել տարվա ընթացքում արձանագրված աճի, պարբերականի բնութագրմամբ` «Մանիպուլյացիայի շղթայական գաղտնիքը», հընթացս գրելով, թե իբր տնտեսական ցուցանիշները կարելի է դիտարկել «ըստ ճաշակի»: «Միավորված հայերը» «Ով կգլխավորի ՀՀԿ-ի ցուցակը» խորհրդարանական ընտրություններում» հռետորական հարցադրմանը պատասխանելու նկատառումով նշել է, թե առկա է «գլխավորը` վարքագծային մենամարտը, որ վարում են այսօր ՀՀ ԱԺ նախագահն ու ՀՀ վարչապետը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը իր հանգույն ներկայացրել է «ՀՀ նախագահի պաշտոնի հնարավոր հավակնորդ Գագիկ Ծառուկյանի և վարչապետի պաշտոնի հավակնություն ունեցող Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ կադրերին»:
«Հրապարակը» վերստին անդրադարձել է ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի մանրամասներին, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության թեմային: «Հետքը» ՀՀ ԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի` իր դիմումի համաձայն պաշտոնը թողնելու առիթով գրել է, թե վերջինս «դարձել է հանքարդյունաբերության զոհ»: