հինգշաբթի, 9 հունիսի 2011
Նախորդ և հաջորդ որոշումների բավիղներում
«Հայկական ժամանակը» ընթերցողին հիշեցնում է կառավարության մի որոշում, որով 500 հազ. դոլար վարկ էր տրամադրվել «Նորաշեն-2007» կոոպերատիվին: Մինչև օրս, թերթի պնդմամբ, բազմաբնակարան շենքի շինարարությունը, որին պետք է ուղղվեր նշված գումարը, ոչ միայն չի ավարտվել, այլև կոոպերատիվի նախագահը «այս տարվա մարտից կալանավորված է և մեղադրվում է խարդախությամբ բազմաթիվ անձանց գույքը հափշտակելու մեջ»: «Ազգն» անդրադառնում է կառավարության մեկ այլ որոշման` պարզաբանելով, թե «ո՞ր բժշկական տեղեկանքները չեն պահանջվի` ազատելով մեզ ժամանակ վատնելուց և անիմաստ ծախսերից»:
Կառավարության վաղվա նիստի օրակարգ ընդգրկված նախագծերից մեկի` ՕԵԿ մի խումբ պատգամավորների` նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու նախաձեռնության նկատմամբ գործադիրի բացասական վերաբերմունքն է շեշտում «Հրապարակը»` «Բյուջեի փողերը գողանում են, հետո ասում` փող չկա»: Գորիսը զբոսաշրջության կենտրոն դարձնելու օրակարգային հարցն են քննության առել «Երկիրը» և «Կապիտալը»` «Գորիսն էլ տվեցին մշակույթի նախարարությանը» (այս թերթի պնդմամբ ծրագրի հայեցակարգային նպատակների մեծ մասն արտատպվել է Ջերմուկի զարգացման ծրագրի հայեցակարգից):
«Նաիրիտի» ներկան ու անցյալը շարունակում են մտահոգել «Ժամանակին»` «Նաիրիտի պարտքն ամեն օր 17-20 մլն դրամով մեծանում է»:
GSP+ համաձայնագրով հայկական ապրանքների արտոնյալ արտահանումը Եվրոպական երկրներ կասկած է հարուցում, քանի որ Եվրամիությունը «մոտավորապես որակյալ» ապրանք չի ընդունի («Կապիտալ»):
«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառույցի` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի»` ընդդեմ աղանդների գործունեության կազմակերպած ստորագրահավաքից «Հրապարակը» ոչ ավել, ոչ պակաս` «ֆաշիզմի հոտ է առնում»:
«Հայկական ժամանակը» բացասաբար է վերաբերվում «կառավարության շենքի բակում աշտարակ կառուցելու» նախաձեռնությանը, իսկ «Ժամանակը», ուշացումով անդրադառնալով Թ.Մհերի հարցազրույցին և ՀՀ վարչապետի` «արժեքային այլ տիրույթում» լինելու իրողությանը, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նրանք երկուսն էլ «իշխող կուսակցության խորհրդի անդամ են»: