երեքշաբթի, 14 հունիսի 2011
Ցուցակների լույսը և ստվերը
Դարձյալ ջրի երես է դուրս եկել առաջիկա ընտրությանը հավուր պատշաճի ընդառաջ գնալու թեման: «Դե ֆակտո իրատեսը» շարունակում է պնդել, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տարբեր կուսակցություններին համակած «ցուցակային անհանգստությունն» է փոխանցում «168 ժամը»:
Նախկին և ներկա կադրերը նույնպես դատողությունների տեղիք են տալիս: «ՀԺ»-ն պետգույքի կառավարման վարչության պետի պաշտոնանկությունը բացատրում է նրա գրագետ լինելով: «Առավոտը» նկարագրում է, թե ինչ «արարողակարգով» է ԴԱՀԿ ծառայության պետը մտնում աշխատավայր և դուրս գալիս այնտեղից` կաթվածահար անելով Հալաբյան փողոցը: Նույն շենքում է աշխատում նաև ՀՀ արդարադատության նախարարը, ով ամենաշատ ձայներն է ստացել «Ո՞ր նախարարի աշխատանքն է հույս ներշնչում, որ ոլորտը կկարգավորվի» հարցին ի պատասխան («Հայացք»): Իսկ ահա «Ո՞ր նախարարությունը կամ գերատեսչությունն է ամենավատն աշխատում» հարցի պատասխաններով առաջին տեղում է մշակույթի նախարարը: Թեման շարունակում է ոչ միայն նույն թերթը («Մշակույթի նախարարությունը հափշտակե՞լ է Մինասի որմնանկարները. գյումրեցիները պահանջում են նախարարի հրաժարականը»), այլև «Հրապարակը» («Մշակութային քաղաքականությունը վերածվել է պոռնոգրաֆիայի», «Հերթը հասավ գրադարանի տնօրեններին»):
«Իրավունքն» անդրադառնում է վարչապետ Տիգրան Սարգսյանի Վիեննայում ունեցած ելույթին` «Հայաստանյան թանկացումների մեղավորը Մյունհաուզե՞նն է»:
Վերջին շաբաթներին տպագիր մամուլի էջերից չի իջնում «Նաիրիտի» թեման: Այս անգամ առիթն այն է, որ վաղը լրանում է ձեռնարկության օպերատորի ընտրության համար հայտարարված մրցույթի ժամկետը: Եվ այսպես` «Հայոց աշխարհ» («Նաիրիտի վերակենդանացման չորրորդ փորձը»), «Կապիտալ» («Օրական 33 մլն դրամ. չաշխատող «Նաիրիտն» ավելի վտանգավոր է»), «Ժամանակ» («Նաիրիտի» «Ճ»-ն կամ կարևորը բովանդակությունն է»), «Գոլոս Արմենիի» («Վերջին փորձը»): Պակաս հարուստ չէ գյուղատնտեսության ոլորտի արծարծումը` «Ու նորից կոտրած տաշտակի առաջ» («Իրավունք»), «Ձեր տված վարկը», «Վատություն» դարձած լավություն» («ՀԺ»), ինչպես նաև ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման և սահմանը հատելու ընթացքում ծագած խնդիրների վերհանումը` «Ոստիկանները չեն շտապում. քննչական մարմինների ԱՊՊԱ եզրակացության տրամադրման ժամկետները քաղաքացիներին չեն գոհացնում» («Կապիտալ»), «Ջավախահայության չարաբաստիկ «90 օրերը» («Առավոտ»):